կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չի կարելի ասել՝ եթե փող ունես, հայրենիքի առջև ունեցած պարտքը փողով գնիր եւ անցիր առաջ. Թադեւոս Ավետիսյան

Չի կարելի ասել՝ եթե փող ունես, հայրենիքի առջև ունեցած պարտքը փողով գնիր եւ անցիր առաջ. Թադեւոս Ավետիսյան

Խնդիրը կա, բայց բերված լուծումն իրականում ավելի խորքային է: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և ՀՀ  քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Ըստ նրա, սկզբունքային  խնդիրն այստեղ հետևյալն է. «Իրականում  առաջարկվում է մի սողանցք, հնարավորություն, որով  կարելի է չծառայել, հետո հայրենիքի առջև ունեցած պարտքը փողով գնել։ Այդ պարտքի կատարումը կատարել փողով։ Սա է իրականում: Առաջարկվող  լուծումը սկզբունքորեն հակասում է  Հայաստանի սահմանադրական կարգին։

Իրականում մենք  սոցիալական պետություն ենք սոցիալական արդարության հիմքով։ Չի կարելի ասել, որ եթե  անապահով ես, փող չունես, ապա դու պետք է ունենաս այս ելքը՝ կամ դատվես, կամ հայրենիքի առջև  ծառայությունդ կատարես, իսկ եթե ունես փող՝ վճարիր փողն ու անցիր առաջ։ Սա  նաև բարոյական և համամարդկային  արժեքներին է դեմ՝ խոսքը սոցիալական արդարության, հավասարության ու հանրության համերաշխ  զարգացման մասին է։ Չի կարելի նման ֆունդամենտալ հակասոցիալական քաղաքականությունը բերել օրենքի մակարդակ։

Այս նախագծով՝ չունես գումար, հետևաբար կամ դատվես, կամ պարտադիր զինվորական ծառայության  գնաս, կամ երկուսը միասին, եթե ունես գումար, ապա ազատված ես ու կարող ես այդ կոմֆորտից օգտվել»,- ասաց Թադեւոս Ավետիսյանը։

  • Կիսվել: