երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Հայաստանի իշխանությունները կրկին չկատարեցին իրենց խոստումները․ Լիլիթ Գալստյան

Հայաստանի իշխանությունները կրկին չկատարեցին իրենց խոստումները․ Լիլիթ Գալստյան

Հինգ տարի շարունակ դուք որպես երկնային մանանա ժողովրդին կերակրում էիք դպրոցների կառուցման ծրագրով՝ խոստանալով հինգ տարում կառուցել 300 դպրոց և 500 մանկապարտեզ, սակայն կատարվել է խոստացվածի կեսից պակասը կամ մոտավորապես կեսը։ Այս մասին օգոստոսի 17-ին Ազգային ժողովի նիստում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներին։

Նա նշել է, որ 2025 թվականի տարեվերջի դրությամբ «300 դպրոց» ծրագրի շրջանակում աշխատանքներն ավարտվել են ընդամենը 122 դպրոցում, իսկ «500 մանկապարտեզ և նախադպրոցական հաստատություն» ծրագրի շրջանակում՝ 280-ում։

«Կառավարության որոշման համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերից մոտ 229 փոքր դպրոց կփակվի կամ կմիավորվի։ Դրանցից 55-ը սահմանամերձ դպրոցներ են։ Դա նշանակում է, որ մոտ 8700 երեխա ստիպված կլինի հաճախել այլ բնակավայրերում գտնվող դպրոցներ։ Ընդ որում, մոտ 2000 մանկավարժի և այլ աշխատակիցների ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ»,- ասել է Գալստյանը։

  • Կիսվել: