հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանձնի Արցախի անվտանգության և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հանձնառությունը. Սաղաթելյան

Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանձնի Արցախի անվտանգության և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հանձնառությունը. Սաղաթելյան

Սա Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղիղ կազմակերպված սադրանք է՝ ուղղված նաև ռուս խաղաղապահների գործունեությանը, ինչպես նաև հերթական քայլերն են՝ Արցախը հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու և իրենց հրեշավոր ծրագրերը կյանքի կոչելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի պատճառներին:

Նրա խոսքով՝ այս ամենը թույլ տալ որևէ պարագայում չի կարելի, Հայաստանի իշխանությունները պետք է գործեն։

Սաղաթելյանն ասաց, որ ՀՀ իշխանություններն ասում են, որ սա ռուս խաղաղապահների գործն է: Իհարկե, նրանք պիտի ամբողջությամբ իրականացնեն իրենց առաքելությունը, բայց, ըստ պատգամավորի, Հայաստանի Հանրապետությունը չի կարող իր ձեռքերը լվանալ։

՛՛Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանձնի Արցախի անվտանգության և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հանձնառությունը՛՛,-ասաց Սաղաթելյանը:

Ըստ պատգամավորի՝ ոչինչ ավարտված չէ, ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություն կա։

՛՛Պետք է կարողանանք դիմադրություն ցույց տալ, խառնել բոլորի խաղաքարտերը։ Դրա ուժը մեր ժողովուրդն է, հայ մարդն է։ Պետք է շատ հստակ միջազգային հանրության առջև ձևակերպենք մեր պահանջները, երկու ճակատով պետք է կռիվ տանք՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: