երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայաստանի Հանրապետությունում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ. Փաշինյան

Չնայած իմ կոչերին՝ ստեղծված իրավիճակը ներքաղաքական շահարկումների առարկա չդարձնել, այնուամենայնիվ կան ուժեր, որոնք, ըստ էության, թիկունքում պրոադրբեջանական, չեմ վախենա այս դիրքորոշումից, գործունեություն են ծավալում: Այս մասին ԱԽ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Ընդհանուր առմանբ գիտեք, որ ռազմաքաղաքական ցանկացած դիմադրություն, ցանկացած պայքար զուգորդվում է տեղեկատվական պայքարով և հիմա ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, նրանց անուն ազգանունները նույնիսկ կարելի է նշել, և այդ մարդիկ 2020 թվականին Ադրբեջանի նախագահին հրավիրում էին հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա, այս իրադարձություններից առաջ ցույց էին տալիս մոտավորապես այն տեղանքները, որտեղից կարելի է ներխուժել  Հայաստանի Հանրապետության տարածք և նրանք հիմա նաև Հայաստանի Հանրապետության հանրության շրջանում տարածում են Ադրբեջանի քարոզչական թեզեր ու, ըստ էության, հուշում են, թե ինչպիսի բանակցային դիրքորոշումներ որդեգրի Ադրբեջանը, որպեսզի դրանք առավել նպաստավոր լինեն իրենց քաղաքական պայքարի համար: Ինձ համար միանշանակ է, որ այս ամեն ինչը պատահական լինել չի կարող և պետք է կարողանանք հանդարտ հետաքննել, հասկանալ, թե ինչ է տեղի ունենում»,- հայտարարել է նա:

Փաշինյանը նաև կրկին անգամ հիշեցրեց, որ Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ կառուցվում կամ զարգացվում է նաև Ադրբեջանի նախագահի կողմից բարձրաձայնվող «Զանգեզուրի միջանցքի» թեզը: «Եվ շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ այստեղ նույնպես հայտնի քաղաքական շրջանակները հանդես են գալիս որպես Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու: Այն քննարկումները, որ մենք ունեցել ենք՝ հրապարակային են, դրանք արտահայտված են հունվարի 11-ի համատեղ հայտարարության և եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված պաշտոնական տեղեկատվության մեջ: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիների բացումը, այո, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի և Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ»:

  • Կիսվել: