Հայաստանի համար կարևոր է, որ ապաշրջափակումը տեղի ունենա տարածաշրջանի երկրների սուվերենության և իրավազորության հիմքի վրա. Արմեն Գրիգորյան
Հայաստանի համար կարևոր է, որ ապաշրջափակումը տեղի ունենա տարածաշրջանի երկրների սուվերենության և իրավազորության հիմքի վրա, ինչը նաև շատ կարևոր է խաղաղության կոնտեքստում, «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նշեց, որ Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը տնտեսական նախագիծ է, որի նպատակն է ապաշրջափակել Հարավային Կովկասի տարածաշրջանի հաղորդակցությունները։
«Հայաստանի կառավարությունն այս առաջարկը ներկայացրել է տարածաշրջանային երկրներին, ինչպես նաև գլոբալ համայնքին՝ ներգրավվել այս նախագծում, ինչը բարգավաճում և կայունություն բերելու մեծ հնարավորություններ ունի»,- ասաց Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ ապաշրջափակման կոնտեքստում Հայաստանը կարևոր է համարում հավասարության և փոխադարձության սկզբունքները, որովհետև, ըստ նրա, սրանք են հիմնական սկզբունքները, որոնք հնարավորություններ են ստեղծում բոլորի, ոչ թե առանձին երկրների համար։