հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Հայաստանի գործող իշխանությունները պшտերшզմի ամենամեծ սպшռնալիքն են. Քոչարյան

Հայաստանի գործող իշխանությունները պшտերшզմի ամենամեծ սպшռնալիքն են. Քոչարյան

Հայաստանի գործող իշխանությունները պատերազմի ամենամեծ սպառնալիքն են: Այս մասին այսօր Գեղամասարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նա հավելել է, որ պատերազմից հետո տարածաշրջանը բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնել, որոնք մինչ օրս լուծված չեն։

«Հարևանն աչք է դրել այս տարածքի վրա։ Խոսելով «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ նա հենց այս տարածքները նկատի ունի»,- նշել է Քոչարյանը՝ ընդգծելով, որ եթե ճիշտ չկողմնորոշվենք և սխալ ընկալենք աշխարհում ընթացող գործընթացներն ու մեր տեղը դրանցում, խնդիրներն ավելի կխորանան։

«Երեկ Հայաստանի վարչապետն ասաց, թե Արցախյան շարժումը ճակատագրական սխալ էր, և Արցախի հողը Հայաստանի հետ որևէ կապ չունի։ Ավելի մեծ հիմարություն դժվար է պատկերացնել։ Բայց մենք հասել ենք նրան, որ կարելի է նման հայտարարություններ անել ու շարունակել շփվել ժողովրդի հետ։ Իմ գլխում նման բան չի տեղավորվում»,-նշել է ՀՀ երկրորդ նախագահ՝ կատարվածը համեմատելով մի հիմարի հետ, ով քանդում է տունը, բայց մեղադրում նրանց, ովքեր կառուցել են այն։

«Ո՞վ է մեղավոր տան քանդման համար։ Ոչ թե նա՞, ով ամուր տունը թուլացրել ու քանդել է։ Նա սկսում է մեղադրել տունը կառուցողներին։ Հիմա մոտավորապես այսպիսի իրավիճակ է, և զարմանալի է, որ մենք հանդուրժում ենք սա»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ ճիշտ գնահատելու դեպքում հնարավոր է չեզոքացնել սպառնալիքներն ու միասին հաղթահարել երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերները։

Ըստ Քոչարյանի՝ «օպտիմալացման» ծրագրերն ու սահմանամերձ շրջանների նկատմամբ անուշադրությունը նպատակ ունեն նպաստել բնակչության արտահոսքին, որպեսզի հետագայում (Ադրբեջանի հետ) «ավելի հեշտ լինի պայմանավորվել»։

«Մենք հակառակն արեցինք՝ ամրացրինք սահմանը։ Մեր թիմը երբեք դատարկ խոստումներ չի տվել։ Մեր ասած ամեն ինչ կիրականացվի։ Ես դա արել եմ երկու անգամ՝ Արցախում և Հայաստանում։ Ես դա կանեմ երրորդ անգամ»,-շեշտել է վարչապետի թեկնածուն:

Նա նաև ասել է. «Ո՞ւմ է պատկանում «հարբեցող ծաղրածու» արտահայտությունը։ Սա ասել է Ալիևը Նիկոլ Փաշինյանին։ Քաղաքականության մեջ կա հետևյալը. եթե դու վախկոտ ես, եթե դու վախեցած ես, դու պատերազմի համար «էստի համեցեք» ես։ Հիմա ՀՀ իշխանությունը պատերազմի ամենամեծ սպառնալիքն է, որովհետև իր հետ շփվելով, իրեն գնահատելով՝ հարևանը հասկանում է, որ դիմադրություն չի լինելու, որ դիմացինը հարիֆ է՝ վախած-կզած։ ՀՀ վարչապետն այդ արտահայտությանը որևէ կերպ չի էլ արձագանքել, բան էլ չի ասել, ոնց որ իրեն չեն ասել։ Այս վիրավորանքը մենք պետք է բոլորս ընդունենք մեր հասցեին, որովհետև քո երկրի առաջին դեմքի մասին է դա։ Նա նվաստացնում է երկիրը, նվաստացնում է ժողովրդին»:

Գյուղացիների հարցին, թե հնարավո՞ր է արդյոք վերականգնել Հայաստանի երբեմնի ինքնիշխանությունը, Քոչարյանը պատասխանել է, որ, իհարկե, հնարավոր է։

Ըստ նրա՝ հարկավոր է ձևակերպել սեփական շահերը, չկտրվել արմատներից և հասկանալ, որ ժողովրդին «սևերի ու սպիտակների» բաժանելով՝ միայն թուլացնում ես երկիրը։

«Հայաստանն ավելի մեծ է, քան մեզ թվում է՝ ոչ թե քառակուսի կիլոմետրերով, այլ իր ներուժով ու պատմությամբ։ Բազմաթիվ գործոններ միասին փաստում են, որ մենք ավելին ենք, քան մենք ինքներս ենք պատկերացնում»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։

  • Կիսվել: