երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգության հարցերի շուրջ

Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգության հարցերի շուրջ

Հունիսի 29-ին Դուբրովնիկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնը քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր։

Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերում երկխոսության շարունականության ապահովմանն ու առաջիկա միջոցառումներին։ 

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի՝ հաշվի առնելով, որ Սլովենիան այս շրջանում հանդիսանում է ՄԱԿ անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ շեշտելով խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը։ 

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության ծրագրի շրջանակներում նրանց այս տարի արդեն երրորդ անգամ Սլովենիայում հյուրընկալելու համար։

Մերձավոր Արևելքում իրավիճակի համատեքստում նախարարներն անդրադարձել են վերջին մեկ ամսվա ընթացքում Սլովենիայի և Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչմանը՝ «երկու պետություն» սկզբունքին համահունչ։

  • Կիսվել: