երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Հայաստանի եւ Ինդոնեզիայի միջեւ հետագա տնտեսական համագործակցության ներուժ կա. Հակոբ Արշակյան

Հայաստանի եւ Ինդոնեզիայի միջեւ հետագա տնտեսական համագործակցության ներուժ կա. Հակոբ Արշակյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ինդոնեզիայի պատվիրակության անդամ, միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Ռավինդրա Աիրլանգայի  հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր շարունակվող համագործակցության կապակցությամբ եւ շեշտել քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանումը, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով:

Երկուստեք կարեւորվել են խորհրդարանական համագործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող կարեւոր քայլերը քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում:

Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ ընդլայնելու կապերն ԱՍԵԱՆ-ի երկրների հետ եւ շնորհակալություն հայտնել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում Ինդոնեզիայի աջակցության համար:

ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի վերջին զարգացումները:

Ինդոնեզիայի պատվիրակության անդամը կարեւորել է խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի համաձայնեցման փաստը` աջակցություն հայտնելով փաստաթղթի շուտափույթ ստորագրմանը:

Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ հետագա տնտեսական համագործակցության ներուժը, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության խթանման հեռանկարները:

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

  • Կիսվել: