հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների խորացման նոր հնարավորությունները

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների խորացման նոր հնարավորությունները

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ընդգծելով Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված համագործակցության նշանակալի հիմքերը՝ զրուցակիցները քննարկել են հարաբերությունների խորացման նոր հնարավորությունները։

Արարատ Միրզոյանը և Յոհան Վադեֆուլը մտքեր են փոխանակել ժողովրդավարական գործընթացների համար առկա մարտահրավերների շուրջ։ «Հայաստանը ԵՄ-ն, այդ թվում՝ Գերմանիան, դիտում է որպես իր ընտրած ժողովրդավարական զարգացման ճանապարհին կարևոր գործընկեր, ինչն իր արտահայտությունն է գտնում մեր երկրների միջև հարաբերությունների բովանդակության մեջ»,- նշել է նախարար Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը, անդրադարձ կատարելով տարածաշրջանում հաստատված խաղաղությանը, ներկայացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի ԱԳ նախարարին՝ տարածաշրջանային հարցերին և Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը շարունակական ուշադրության համար։

  • Կիսվել: