երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանի դիրքորոշումը հստակ է և աներկբա՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից. Վարչապետ

Հայաստանի դիրքորոշումը հստակ է և աներկբա՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից. Վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի առաջարկությամբ ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը: «Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերն ագրեսիա են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ, զինվորներ Հայրենիքի պաշտպանության համար անձնուրացաբար զոհել են իրենց կյանքը: Առաջարկում եմ՝ մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը»,-ասել է վարչապետը:

Կառավարության նիստում մանրամասներ են ներկայացվել ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ստորև ներկայացված է թեմայի առնչությամբ կառավարության նիստի սղագրությունը.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այսօրվա դրությամբ՝ մեր հաստատված զոհերի թիվը 135 է, բայց, ցավոք, մենք գիտենք, որ այս թիվը դեռևս վերջնական չէ, ունենք նաև բազմաթիվ վիրավորներ: Պարոն Պապիկյան, ես նախ կուզեի ներկայացնեիք օպերատիվ իրավիճակն այս պահի դրությամբ:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան – Պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, օպերատիվ իրավիճակն այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ: Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է: Կարող եմ նշել, որ Զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է և աներկբա՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ընդհանուր առմամբ ուզում եմ ընդգծել, որ խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլև՝ նախորդ տարվա մայիսի 12-ին Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման: Հայաստանի Հանրապետությունն այս դիրքորոշումն է արձանագրել երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումների ժամանակ: Ըստ էության՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի հիման վրա են քննարկումներ տեղի ունեցել: Երեկ երեկոյան ես ևս մեկ հեռախոսազրույց եմ ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում:

Պարոն Միրզոյան, կուզենայի, որ Դուք մեկ-երկու նախադասությամբ ներկայացնեիք երեկ Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումները:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան – Շատ լավ, մեծարգո պարոն վարչապետ: Հարգելի գործընկերներ, ինչպես արդեն նշեցիք, երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված մեզ հուզող հարցերին: Մեր նախաձեռնությամբ է տեղի ունեցել քննարկումը: Սա արդեն երկրորդ քննարկումն էր, թեև հանրությունը մեծապես տեղեկացված չէ այդ մասին: Երկու օր առաջ տեղի է ունեցել ևս մեկ քննարկում փակ ռեժիմով, և, ահա, երկրորդը, մեր պնդմամբ՝ բաց ռեժիմով, որպեսզի նաև ամբողջ աշխարհի մարդկությունը կարողանա հետևել մշտական, ոչ մշտական անդամ երկրների դիրքորոշումներին:

Քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, բայց ուզում եմ հատուկ ընդգծել, որ սա որևէ կերպ չպետք է նսեմացնի տեղի ունեցած քննարկման կարևորությունը, որովհետև, այնուամենայնիվ, նույնիսկ առանց փաստաթղթի, ըստ էության, միջազգային հանրությունը շատ հստակ դիրքավորվել է հարցերի շուրջ: Ես հիմա կթվարկեմ, Ձեր թույլտվությամբ: Եվ այսպես՝ ես հարկ չեմ համարում երկիր-երկիր առանձին նշել, բայց երկրների ճնշող մեծամասնությունն ընդգծել է ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, մինչև ներխուժումը տեղի ունեցած դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը, բազմիցս օգտագործվել է «ագրեսիա» եզրույթը: Այսինքն՝ շատ հստակ ընկալում կա, որ սա ագրեսիա է, ներխուժում է Հայաստանի տարածք, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր և այլն:

Ավելին ասեմ՝ բազմաթիվ երկրներ քննարկումներում խոսել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին, և ըստ էության, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Ադրբեջանի ղեկավարության թեզը, որը նրանք փորձում են շրջանառել մեկ տարի և ավելի, որ այլևս Լեռնային Ղարաբաղի հիմնախնդի չկա և Լեռնային Ղարաբաղ չկա, երեկ իր համարժեք հակառակ արձագանքն ստացավ միջազգային հանրության կողմից: Բազմաթիվ այլ կարևոր հանգամանքներ են շեշտվել: Եվ սա, կրկնում եմ, միջազգային հանրության դիրքավորումն է այս հարցերի շուրջ, և մենք պիտի շարունակենք աշխատանքներն այս ուղղությամբ: Անշուշտ, ուզում եմ, հարկ է գոհունակություն և գնահատանքի խոսքեր ասել այն երկրների մասին, ովքեր համարձակորեն դադարել են այլևս հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև: Բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ և թերևս նաև գաղտնիք չի, որ որոշ դեպքերում այդ ակնկալիքներն ոչ այնքան արդարացան: Այսքանը: Թույլ տվեք՝ ավելին չմանրամասնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ: Այնուամենայնիվ, հարգելի գործընկերներ, ես կարծում եմ՝ մենք պետք է արձանագրենք, որ իրադրությունը մնում է լարված, և Անվտանգության խորհրդի ֆորմատով քննարկել ենք Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը և եկել ենք այն եզրակացության, որ այս պահին նման որոշման պետք է չգնանք: Բայց մյուս կողմից՝ մենք բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում, նաև կան քաղաքացիներ, ովքեր ասում են, որ ռազմական դրությանն ենք սպասում, որպեսզի մասնակցենք մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը: Անվտանգության խորհրդի նիստում դա էլ ենք քննարկել և եկել ենք այն եզրակացության, որ եթե կան մարդիկ (հաստատ, կան մարդիկ), ովքեր ուզում են ներգրավված լինել այս փուլում, նրանք կարող են սովորական ընթացակարգով, կամավորության հիմքով դիմել զինվորական կոմիսարիատներ, և այդ խնդիրը կլուծվի: Առավել ևս, որ հիմա նախկինում կայացրած որոշումների շրջանակներում եռամսյա հավաքների գործընթացը շարունակական է, ուժի մեջ է, և կան բոլոր օրենսդրական հիմքերը, որոշումները կամավորության հիմունքներով քաղաքացիներին ներգրավել ծառայության մեջ: Ճի՞շտ եմ ասում, պարոն Պապիկյան:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան – Պարոն վարչապետ, թե՛ «Աշխարհազորի մասին» օրենքը, թե՛ եռամսյա հավաքների վերաբերյալ կառավարության ընդունած որոշումները և «Պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածը մեզ այդ հնարավորությունները տալիս են, և բոլոր այն քաղաքացիները, ովքեր այսօր ուզում եմ կամավորության հիմունքներով զինվորագրվել և գնալ պատրաստության՝ անհրաժեշտության դեպքում, նրանց կիրառելիությունը հետո ապահովելու համար, զինկոմիսարիատները պատրաստ են նրանց ընդունել և տեղորոշել ըստ վայրերի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ: Այժմ կուզենայի, որ Արտակարգ իրավիճակների նախարարը տեղեկություններ տա, թե ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական ի՞նչ ենթակառուցվածքներ են թիրախավորվել և տուժել:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փաբուխչյան – Շնորհակալություն, մեծարգո վարչապետ: Հարգելի գործընկերներ, մենք՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարության հետ համատեղ, ինչպես նաև ԱԻՆ մարզային փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ստացված զանգերով ունենք բավականին մեծ ցանկ, և այդ ցանկը՝ հասցեներով, անուն-ազգանուններով: Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժել են, մասնավորապես՝ Վայոց ձորում, հյուրատներ, առողջարան, ջրամբարներ՝ Կեչուտի ջրամբարն է երկու արկ ընկել, ճոպանուղին, Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատի շենքը և մի շարք մարդկանց անձնական օգտագործման մեքենաներ և այլ գույք: Ինչպես նաև մենք ունենք էլեկտրամատակարարման գծերի խափանման հետ կապված խնդիր, մասնավորապես, Սյունիքի մարզում՝ Սիսիան համայնքի Վաղատին, Որոտանավան, Շամբ, Դարպաս, Գետաթաղ, Լոր, Լեռնաշեն Դաստակերտ բնակավայրերը սպասարկող էլեկտրամատակարարման գիծը։ Ունենք նաև շտապ օգնության մեքենաներ, որոնք ռմբակոծության հետևանքով վնասվել են կրկին Սյունիքի մարզում։ Մենք ունենք նաև շտապ օգնության մեքենաներ, որոնք ռմբակոծության հետևանքով վնասվել են կրկին Սյունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները և հեկտարներով ցորենի արտեր, գարու արտեր, և Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ են վնասվել ու մի շարք մասնավոր մեքենաներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան
 – Ես կարծում եմ՝ կարևոր է արձանագրել, որ բոլոր հասցված վնասները մանրամասն գույքագրվեն երկու նպատակով: Առաջինը՝ կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ տրամադրի լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար, և՛ մասնավոր անձանց, և՛ համայնքներին, և՛ ընկերություններին աջակցելու, որպեսզի նրանք այդ կրած վնասները վերականգնեն: Հաջորդը, շատ կարևոր է փաստագրել այս և այլ հանգամանքներն իրավական առումով: Տիկին Վարդապետյան, դուք այսօր առաջին անգամ եք որպես Հանրապետության Գլխավոր դատախազ մասնակցում կառավարության նիստին: Ընդգծելով այս փաստը՝ նաև հույս ունեմ, որ այս ուղղությամբ շատ մանրակրկիտ աշխատանք կիրականացվի: Նաև տեղյակ եմ, որ մենք ունենք ադրբեջանական ագրեսոր ուժերի կողմից ռազմական բնույթի հանցագործությունների դեպքեր, և այդ հանցագործությունների դեպքերը պետք է մանրամասն փաստագրվեն և հետագա գործընթացներում ընթացք տրվի դրանց միջազգային իրավական գործընթացների շրջանակներում:

Այստեղ կուզենայի նաև մեկ հանգամանք ընդգծել, որ այս թեմայից դուրս շատ կարևոր է, որ հատկապես ուշադրություն դարձնենք, երեկ Պաշտպանության նախարարի հետ էլ ենք այս թեմայով քննարկում ունեցել, որ Հայաստանի Զինված ուժերի գործունեությունը խաթարելու ցանկացած փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվի՝ անկախ մոտիվացիաներից, անկախ գործող անձանց էմոցիոնալ վիճակից, ամենակոշտ մեթոդներով: Ես ուզում եմ, որ մենք սա հստակ արձանագրենք: Մենք դեպքեր ենք ունեցել, ցավոք, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, այդ գործերով լավ է, որ հիմա ինտենսիվ քննություն է գնում և դատական գործեր կան: Կրկնում եմ՝ որևէ անձի, որևէ կարգավիճակ թույլ չի տալիս օրենքից դուրս գործողություններ անել և որտեղ որևէ մեկը՝ անկախ էմոցիոնալ վիճակից, օրենքի գիծն անցնում է, պետք է իրավապահ համակարգի հակազդեցությունը շատ կոնկրետ, արագ և ամենակոշտ ձևերով զգա: Եկենք արձանագրենք, որ սա պետական անվտանգության հարց է և այստեղ մենք չենք պատրաստվում որևէ կոմպրոմիսի գնալ:

Ուզում եմ նաև ընդգծել, որ մեզ համար շատ կարևոր է տեղեկատվական անվտանգության ապահովումը: Մենք տեսնում ենք, որ ինչ-որ կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկատվություններով սպառնալիքներ ստեղծել երկրի ազգային անվտանգության նկատմամբ: Ժողովրդավարությունը՝ ժողովրդավարություն, ամեն ինչ էլ հասկացանք, խոսքի ազատությունը, բայց այլասերվածներին պետք է թույլ չտալ այլասերվածություն մտցնեն: Այստեղ էլ մենք ակնկալում ենք, որ մեր իրավապահ համակարգը՝ Ազգային անվտանգության ծառայությունը, շատ կոնկրետ մեթոդներ և միջոցներ ձեռնարկի, հայտնաբերելով այդ թվում՝ համագործակցող անձանց, որովհետև դա, ըստ էության, գործակալական ցանց է Հայաստանի Հանրապետությունում: Ազգային անվտանգության ծառայությունը վերջին շրջանում շատ մեծ հաջողություններ ունի գործակալական ցանցեր բացահայտելու առումով, բայց կարծում եմ, որ գործակալական ցանցերի հետ մեր պրոբլեմները դեռևս չենք կարգավորել, այսինքն՝ չենք լուծել և այդ ուղղությամբ պետք է շարունակենք հետևողական աշխատանք իրականացնել:

Պետք է այս ամենով հանդերձ ընդգծել, որ մենք ներգրավված ենք քաղաքական գործընթացում, բանակցային գործընթացում, այդ թվում՝ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով աշխատանքային խումբն աշխատում է և սահմանային անվտանգության հարցերով: Շատ հստակ է մեր դիրքորոշումը, որ մենք, այո՛, գնալու ենք, բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկելու ենք կարգավորումների, տևական խաղաղության և կայունության հասնելու համար: Սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեության առումով ուզում եմ ընդգծել, որ մեզ համար անընդունելի է այդ գործընթացը տարածքային պահանջներ և նկրտումներ առաջադրելու նպատակով օգտագործելու ցանկացած փորձ: Դարձյալ ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը 29.800 քառակուսի կիլոմետր տարածք ունի, և այդ տարածքի որևէ միլիմետրը քննարկման առարկա լինել չի կարող: Ես ուզում եմ, որ մենք սա հստակ արձանագրենք, և այս դիրքորոշումը որևէ հանգամանքի ներքո փոփոխության չի ենթարկվելու: Կրկնում եմ՝ մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի ներխուժած ուժերը՝ ագրեսոր ուժերը, պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից: Մենք բոլոր ատյաններում և բոլոր հնարավոր միջոցներով պետք է հետապնդենք այս դիրքորոշումը և հասնենք առաջադրված խնդրի լուծմանը: Ընդհանուր առմամբ սա էր իրավիճակի հետ կապված մեր գնահատականը: Խնդրեմ, եթե այլ դիրքորոշումներ, կարծիքներ կան, համեցեք պարոն Միրզոյան:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան
 – Պարոն վարչապետ, միայն ուզում էի Ձեր ասածին հավելել, որ Արտակարգ իրավիճակների նախարարի ներկայացրած տվյալները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և պետական մյուս գերատեսչությունների տիրապետության տակ եղած տեղեկատվությունը հանգամանալից և պատշաճ կերպով արդեն իսկ ներկայացվում է մեր միջազգային գործընկերներին: Իսկ այն դեպքերում, որտեղ իրավական խնդիրներ և ռազմական հանցագործության տարրեր կան, մշակվում են և հետագա համապատասխան ընթացք կստանան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –
 Շնորհակալ եմ: Խնդրեմ, տիկին Գրիգորյան:

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյան 
– Շնորհակալություն: Պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, կարևոր եմ համարում նաև հնչեցնել այսօր, որ քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ՝ ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը։ Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից: Անձը որևէ զինված ծառայության կամ որևէ այլ կերպ ներգրավված չէ, դրա վերաբերյալ կան ապացույցներ: Առնվազն մեր հաստատության կողմից արձանագրվել է 6 վիրավորում ստացած քաղաքացիական անձի վերաբերյալ տվյալ։ Մենք նույնականացրել ենք այդ անձանց, այցելել ենք նաև, այսինքն՝ կան այդ ապացույցներ։ Այս ամենը ներկայացվել է Արտաքին գործերի նախարարությանը, ինչպես նշվեց պարոն նախարարի կողմից: Բացի շտապօգնության, տրանսպորտային միջոցներից ու անձնակազմից, թիրախավորվել են նաև լրագրողներ: Դրա վերաբերյալ նույնպես կան ապացույցներ, որոնք միջազգային հումանիտար իրավունքի ու սովորութային իրավունքի կոպտագույն խախտումներ են: Մենք նույնպես շարունակում ենք հավաքագրել, նույնականացնել, ինդենտիֆիկացնել նաև պատերազմական հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունները: Դրանք նույնպես ամփոփվում են, և այդ մասին կհրապարակենք զեկույց և, իհարկե, տվյալներով կկիսվենք առնվազն իրավապահ և մեր կոլեգաների, և Արտաքին գործերի նախարարության հետ: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Համեցեք, պարոն Քյարամյան:

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյան – Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, պարոն Միրզոյանի խոսքի համատեքստում նշեմ, որ արդեն իսկ հարուցված են քրեական գործեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ իրականացնելու, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերալ լայնածավալ քննչական գործողություններ են այս պահին տեղի ունենում: Լրացուցիչ Քննչական կոմիտեն հանդես կգա հայտարարությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Շնորհակալ եմ: Հարգելի գործընկերներ, գիտեք, որ շատերն ակնկալում էին, որ ռազմական դրություն կմտցվի և այդ համատեքստում այսպիսի խոսույթ էր ձևավորվել, թե ինչ անեն քաղաքացիները: Ես կարծում ե, որ առաջինը՝ ամենակարևորը, մենք որևէ պարագայում չպետք է մոռանանք պետության բնականոն գործունեության և գործառութային դերը կատարելու անհրաժեշտությունը: Խոսքը վերաբերվում է նաև տնտեսությանը, և սա չափազանց կարևոր է: Իհարկե, մենք պետք է ամեն ինչով աջակցենք Զինված ուժերին: Կրկնում եմ՝ կան մեր հայրենակիցներ, եղբայրներ և քույրեր, ովքեր իրենց պարտքն են համարում մասնակցել անմիջականորեն երկրի անվտանգության ապահովմանը: Արդեն ասացի, որ նման քաղաքացիները կարող են ցանկացած պահից, ոչ թե այս պահից, դրանից առաջ էլ կարող էին դիմել համապատասխան կառույցներ՝ զինվորական կոմիսարիատներ: Մեր մյուս քաղաքացիները, պետական պաշտոնյաները, մասնավոր հատվածը պետք է ամենօրյա աշխատանքով ապահովեն երկրի բնականոն գործունեությունը, որովհետև դրանից է կախված նաև մեր Զինված ուժերի նյութական, ֆինանսա-տնտեսական ապահովումը, ինչի մասին մենք որ մի վայրկյան չպետք է մոռանանք: Խնդրեմ, պարոն Կիրակոսյան:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան
 – Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ: Կապված գործընկերների կողմից բարձացված հարցերի, նկատի ունեմ մարդու իրավունքների խախտումների և պատերազմական հանցագործությունների դեպքերի հետ և նաև քաղաքացիական օբյեկտների վնասման ու միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետ, արդեն իսկ բոլոր պատկան, իրավասու մարմինների հետ ակտիվ աշխատում ենք:

Եվրոպական դատարան արդեն իսկ ներկայացրել ենք մի քանի իրար համալրող դիմումներ վերջին 2 օրվա ընթացքում, միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, և ստացել ենք արդեն պատասխանները, հատկապես խոսքը վերաբերում է գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը: Ինչպես նաև այս պահի դրությամբ հավաքագրվում է մնացած ավելի լայնամասշտաբ կապված վնասի հետ ապացույցները, որոնք մեր ընթացիկ, տարբեր միջազգային իրավական գործընթացների շրջանակներում, տարբեր, մենք ունենք մի քանի միջպետական գործեր Եվրոպական դատարանում, ունենք Արդարադատության միջազգային դատարանում վարույթ, այդ բոլոր վարույթների շրջանակներում ներկայացնելու ենք անպայման, հավաքագրում ենք հիմա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ, պարոն Կիրակոսյան: Հարգելի գործընկերներ, կա տեսակետ, և ես կարծում եմ, որ այդ տեսակետն ամենևին էլ անհիմն չէ, որ Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիա է նաև հայկական ժողովրդավարության դեմ: Կարծում եմ՝ այս տեսակետն իրապես ամենևին էլ անհիմն չէ: Պիտի արձանագրեմ, որ ի հեճուկս բոլոր հարձակումների, Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացները, այդ թվում՝ տնտեսական բարեփոխումները և բոլոր ուղղություններով բարեփոխումների գործընթացները: Մենք պիտի նաև շատ մեծ ուշադրություն դարձնենք մեր Զինված ուժերի, բանակի բարեփոխումներին, որի հետ կապված այս ընթացքում ձևավորվել է հսկայական օրակարգ, և այդ օրակարգը, ըստ էության, իրագործման փուլում է, և մենք պետք է հետևողականորեն և շարունակաբար առաջ մղենք այդ օրակարգը: Մենք պիտի, այնուամենայնիվ, ընդգծեմ նաև, որ տեղի ունեցողը որևէ կերպ չի նսեմացնում խաղաղության օրակարգի կարևորությունը, ընդհակառակը՝ ավելի է ընդգծում դա, և մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մինչև այս իրավիճակը ծագելը, քննարկում էինք մեր առաջնահերթություններն առաջիկա տարիների: Ըստ էության՝ ընդգծել ենք երեք առաջնահերթություն, որի ուղղությամբ մենք պետք է կենտրոնանանք և աշխատենք: Առաջինը խաղաղությունն է, երկրորդը կրթությունն է, երրորդը Զինված ուժերի բարեփոխումներն են: Այս երեք առաջնահերթություններն են, որոնք մեր կարծիքով պիտի ապահովեն մեր երկրի անվտանգությունն ու իրական զարգացումը, որը երկարաժամկետ առումով պիտի լուծի Հայաստանի Հանրապետության հարատևության խնդիրը: Իմ կոչն է, որ մենք, այնուամենայնիվ, ապահովենք համախմբվածություն Հայաստանի Հանրապետության պետական շահերի շուրջ, և Հայաստանի Հանրապետության պետական շահը պետք է դառնա որոշումների կայացման հիմնական ուղենիշ, և մենք պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ: Այլ դիտարկումներ կա՞ն իրավիճակի հետ կապված: Համեցեք, պարոն Գրիգորյան:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Այն մտքի վերաբերյալ, որ սա նաև հարձակում է հայկական ժողովրդավարության վրա, կան նաև փաստական տվյալներ: Այսինքն՝ անցած տարի մայիսի 12-ին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի սուվերեն տարածք նաև հարձակում էր հայկական ժողովրդավարության վրա, որովհետև Հայաստանը պատրաստվում էր արտահերթ ընտրություններին, ժողովրդավարության ամենակարևոր գործիքներից մեկն էր փորձում գործարկել ներքին կայունության և ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Եվ համոզված ենք, նաև մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանը փորձել է հարձակվելով Հայաստանի Հանրապետության վրա, հարձակում գործադրի հայկական ժողովրդավարության վրա և այսպիսով՝ մարտահրավեր նետի տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ, պարոն Գրիգորյան: Այն ժամանակ էլ մեր գնահատականը դա էր: Երբ Խոզնավար հատվածում տեղի ունեցածը Հայաստանի ներքին պրոցեսների վրա ազդեցություն գործելու շատ կոնկրետ նպատակ ուներ: Այս հարձակումը նույնպես այդպիսի համատեքստ ունի, և պիտի ասեմ, որ իմ գնահատմամբ՝ նաև Հայաստանի տնտեսական առաջընթացի նկատմամբ հարձակում էր, այդ թվում՝ 2020 թվականին տեղի ունեցածը, որովհետև ի հեճուկս կանխատեսումների, դուք գիտեք, որ ընթացիկ տարում Հայաստանը տնտեսական աճի բավական բարձր ցուցանիշ ունի: Բայց խնդիրը նույնիսկ ընթացիկ ցոցանիշները չեն՝ ՀՆԱ կամ տնտեսական ակտիվության, ընդամենը մեկ շաբաթ առաջ հրապարակվեց Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսը, որի արդյունքներով Հայաստանը տնտեսական ազատության ցուցանիշով աշխարհի 165 երկրների շարքում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, 2018 թվականի համեմատությամբ էականորեն բարելավել է դիրքերը: Եթե չեմ սխալվում 2018 թվականին մենք 46-րդ ենք եղել: Ընդ որում՝ սա 2020 թվականի ցուցանիշն է: Իհարկե, կան շահարկումներ, որ մեր բարելավումը կապված է նաև այն փաստի հետ, որ COVID-ի բերումով շատ երկրների ցուցանիշներ վատթարացել են, բայց ես ուզում եմ վերադառնալ COVID-ի կառավարման շուրջ մեր հասցեին հնչած քննադատություններին: Եթե աշխարհում բազմաթիվ զարգացած երկրներ COVID-ը կառավարել են այնպես, որ իրենց տնտեսական ազատություններն էականորեն վատացել են, իսկ Հայաստանը COVID-ը կառավարել է այնպես, որ տնտեսական ազատությունը, ընդհակառակը, բարելավվել է, սա նաև COVID-ի համավարակի կառավարման մասին է վկայում: Ինչևէ, այո, մենք պետք է արձանագրենք, որ նման հարձակումները Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունների նկատմամբ են նաև, որովհետև, ակնհայտ է, որ կան ուժեր, որոնք չեն ուզում, որ Հայաստանը դառնա մրցունակ պետություն: Սա է ամենակարևորը, որովհետև, այո՛, սա հարձակում է Հայաստանի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության նկատմամբ, բայց որևէ ագրեսիա մեզ չի կարող շեղել մեր արժեքներից, մեր նպատակներից, որոնք, ըստ էության, արձանագրված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ոչ փոփոխելի հոդվածներում: Ես ուզում եմ ընդգծել, որ այդ նպատակները ոչ թե առանձին քաղաքական ուժին կամ առանձին քաղաքական թիմին են վերաբերում, այլ դրանք արձանագրված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխման ոչ ենթակա հոդվածների մեջ: Հետևաբար՝ մենք դա պետք է վերցնենք ուղենիշ և շարունակաբար ու անհոգնել քայլենք այդ ճանապարհով՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների և խոչընդոտների:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: