Թուրքիան անօրինական է համարում Ֆրանսիա-Կիպրոս պաշտպանական համաձայնագիրը
Ֆրանսիայի և Կիպրոսի միջև ստորագրված պաշտպանական ոլորտի համաձայնագիրը խախտում է միջազգային իրավունքը և 1960 թվականի պայմանագրերի դրույթները, որոնք սահմանել են կղզու սահմանադրական կարգը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Ֆրանսպրես-ը։
Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրվել է երկուշաբթի Նիկոսիայում և ուղղված է երկկողմ պաշտպանական համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև Եվրոպական Միության ռազմավարական ինքնավարության ընդլայնմանը։ Դրանով նախատեսված է Կիպրոսում ֆրանսիական զինված ուժերի տեղակայման հնարավորություն։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ դա կնպաստի Արևելյան Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում հումանիտար գործողությունների իրականացմանը։
Անկարան խստորեն դատապարտել է համաձայնագիրը՝ հայտարարելով, որ Ֆրանսիան կիպրական կարգավորման երաշխավոր չէ, իսկ կիպրահունական վարչակազմը, Թուրքիայի կարծիքով, գործում է միակողմանի՝ անտեսելով կիպրացի թուրքերի իրավունքները։
Թուրքիայի ՊՆ-ն նշում է, որ համաձայնագիրը հակասում է ինչպես միջազգային իրավունքին, այնպես էլ 1960 թվականի պայմանավորվածություններին, որոնց վրա հիմնված է Կիպրոսի կառուցվածքը։
Թուրքական պաշտպանական գերատեսչությունից նախազգուշացրել են, որ Թուրքիան պատրաստ է «վճռականորեն պատասխանել» կիպրացի թուրքերի անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգի՝ հայտարարելով, որ թուրքական զինված ուժերն ունեն անհրաժեշտ հնարավորությունները թշնամական գործողություններին արձագանքելու համար։
Հիշեցնենք, որ Կիպրոսը բաժանված է 1974 թվականից ի վեր, երբ թուրքական զորքերը ներխուժեցին կղզու հյուսիս։ Ներկայում հյուսիսը վերահսկում է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը ճանաչել է միայն Անկարան, մինչդեռ հարավային հատվածը ներկայացնում է միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի Հանրապետությունը, որը ԵՄ անդամ է։



