ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի ԱԺ-ն Գագիկ Ծառուկյանին կալանավորելու համաձայնություն տվեց

Հայաստանի ԱԺ-ն Գագիկ Ծառուկյանին կալանավորելու համաձայնություն տվեց

Հայաստանի Ազգային ժողովը քիչ առաջ փակ գաղտնի քվեարկությամբ տվեց համաձայնություն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելուն՝ Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը կողմ քվեարկելով։

ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 87 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել։ Քվեարկությանը չեն մասնակցել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։

Ավելի վաղ նիստում ներկայացնելով միջնորդությունը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել էր, որ կա հիմնավոր կասկած առ այն, որ Գագիկ Ծառուկյանը մնալով ազատության մեջ կարող է օգտագործելով անձնական կապերը և ունեցած ֆինանսական ռեսուրսները, հանցագործությունների կատարմանը ենթադրաբար ներգրաված անձանց նկատմամբ ունեցած հեղինակությունը, խոչընդոտել գործի քննությանը:

Քվեարկությանը չեն մասնակցել իմքայլական Սասուն Միքայելյանը և Թագուհի Թովմասյանը: Փոխարենը մասնակցել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

 

  • Կիսվել: