հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն առաջիկա 5 տարիներին

Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն առաջիկա 5 տարիներին

Հայաստանի կառավարությունը վարելու է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն, որը ցույց է տվել իր արդյունավետությունը՝ թույլ տալով կայունացնել Հայաստանի Հանրապետության արտաքին միջավայրը։

Այդ մասին ասված է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագրում, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

«Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը  որդեգրվում է որպես ռազմավարություն, որի առանցքային խնդիրն արտաքին հարաբերությունների անհամաչափություններ թույլ չտալն է կամ անհամաչափությունները հավասարակշռելու գործիք ունենալը։ Արտաքին քաղաքական օրակարգը ներառում է նաև միջազգային առևտրի և տնտեսական կապերի զարգացումը, արտահանման ծավալների մեծացումը։

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մեջ առանցքային դեր ունի  տարածաշրջայնացումը, որի նպատակը սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելն է։ Այս իմաստով հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության հետ ունի կարևոր նշանակություն։

Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացում և սահմանազատման գործընթաց

Խաղաղության ինստիտուցիոնալացման և ամրապնդման նպատակով Կառավարությունը  շարունակելու է աշխատանքը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու, Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները շարունակելու, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների, գործարար համայնքների միջև շփումները և երկկողմ առևտուրը ակտիվացնելու ուղղությամբ:

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղում

Աշխատանքներ են տարվելու Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունները հաստատելու, Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու և առնվազն 2 արդիական անցակետ գործարկելու, տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները վերագործարկելու և ընդլայնելու, երկկողմ և բազմակողմ առևտուրը խթանելու ուղղությամբ:

Իրանի հետ ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների խորացում

Իրանի հետ ակտիվ քաղաքական երկխոսության պահպանումը, առևտրատնտեսական կապերի ընդլայնումը երկկողմ հարաբերությունների առաջնահերթությունների թվում են: Շարունակվելու են Իրանի հետ էներգետիկ համագործակցության խորացումը, սահմանային ենթակառուցվածքների զարգացումը և Իրանի միջոցով հաղորդակցային ուղղությունների ընդլայնումը (Հյուսիս-հարավ, Պարսից ծոց–Սև ծով):

Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացում

Շարունակվելու է Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրի հետևողական իրագործումը, որը ստեղծում է քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային համագործակցության զարգացման, տարածաշրջանային և համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի փոխշահավետ նոր հնարավորություններ։

Եվրոպական միության հետ ռազմավարական գործընկերության խորացում

Շարունակվելու են ԵՄ–ի հետ ռազմավարական համագործակցության ոլորտային զարգացումը և ինտեգրումը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք և արդյունավետ կիրարկման, ինչպես նաև Եվրոպական միության ժողովրդավարության և օրենքի գերակայության, տնտեսական, ֆինանսական, շրջակա միջավայրի, սոցիալական և այլ ոլորտների չափանիշներին Հայաստանի համապատասխանեցման ուղղությամբ՝ 2025 թվականի «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի հիման վրա: Ավարտին է հասցվելու վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման նպատակով:

Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության խորացում

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության հիման վրա է՛լ ավելի է խորացվելու երկկողմ գործընկերությունը՝ ի շահ երկու պետությունների, և ընդլայնվելու է համագործակցությունը համատեղ առաջնահերթություն հանդիսացող հարցերի լայն շրջանակի շուրջ: Շարունակվելու է ԱՄՆ–ի հետ ոլորտային համագործակցությունը՝ հիմնված Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև 2025 թվականի օգոստոսին ստորագրված փոխըմբռնման հուշագրերի և Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության վրա: Իրագործվելու է TRIPP նախագիծը՝ առնվազն էներգետիկ և երկաթուղային ենթակառուցվածքների շահագործմամբ՝ ինտեգրելով Հայաստանը տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում

Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության խորացում

Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունը բարձրացվելու է որակական նոր մակարդակի, մասնավորապես՝ քաղաքական, տնտեսական, անվտանգային, մշակութային, կրթական և ապակենտրոն գործընկերության ոլորտներում՝ որպես ինստիտուցիոնալ և քաղաքական հիմք ընդունելով 2026 թվականի մայիսի 5-ին ստորագրված ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիրը:

Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում

Շարունակվելու է Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ բազմոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունը՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության, տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխման, զարգացման և խորացման ուղղությամբ։

Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացում

Շարունակվելու են 2025 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի վարչապետի և Չինաստանի նախագահի միջև կայացած հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը և աշխատանքները՝ Հայաստան-Չինաստան հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ մատնանշված ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և շոշափելի արդյունքներ գրանցելու ուղղությամբ:

Հնդկաստանի հետ գործընկերության խորացում

Շարունակվելու են ակտիվ աշխատանքները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ տնտեսական, պաշտպանական, տրանսպորտային, կրթամշակութային, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման և Հայաստան-Հնդկաստան գործընկերությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

Այլ ռազմավարական գործընկեր պետությունների հետ հարաբերությունների հետագա խորացում

Նիդերլանդների, Ղազախստանի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի հետ հաստատված ռազմավարական հարաբերությունները նախանշել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտները, որոնց շուրջ հետագա աշխատանքների իրականացումը կարևոր է Հայաստանի զարգացման համար։ Շարունակվելու են աշխատանքները ռազմավարական գործընկերների թվի և աշխարհագրության ընդլայնման նպատակով։

ԵԱՏՄ շրջանակներում արդյունավետ համագործակցության ծավալում. ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված կառուցակարգերի արդյունավետ կիրառումը առանցքային է միության ապագայի և հետագա զարգացման համար: Շարունակվելու են աշխատանքները ԵԱՏՄ հիմնարար ազատությունների՝ աշխատուժի, ծառայությունների, ապրանքների և ֆինանսների ազատ տեղաշարժի լիարժեք և անխափան ապահովման, ինչպես նաև անդամ և դիտորդ երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Բազմակողմ հարթակներում ապագային միտված օրակարգի առաջմղում

ՄԱԿ–ում և նրա մասնագիտացված առանձին մարմիններում, ԵԽ–ում, ԵԱՀԿ–ում, ԱՊՀ–ում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, Եվրոպական քաղաքական համայնքում Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է մնալ ակտիվ անդամ։ Հայաստանի Հանրապետությունը դարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդամ և շարունակելու է աշխատանքներն այդ ձևաչափում։ Կառավարությունն աշխատանքներ է տանելու Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցության ուղղությամբ։

Նշվում է, որ ջանքեր են գործադրվելու Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հետ հարաբերությունները զարգացնելու և նոր հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։

«Հայաստանի Հանրապետության շահերի լավագույն սպասարկման և գործընկերությունների խորացման նպատակով Կառավարությունը շարունակելու է օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայության աստիճանական ավելացման քաղաքականությունը»,- նշված է ՀՀ կառավարության ծրագրում:

  • Կիսվել: