կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն են․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն են․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն են, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ, ասաց Հայաստանի Ազգային անվտանության ծառայության նախկին տնօրեն, Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Զինված ուժերը վերջին պատերազմից հետո գտնվում են մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում, հայտարարեց Վանեցյանն՝ ընդգծելով՝ պատարեզմի ավարտից գրեթե 9 ամիս է անցել, բայց որևէ քայլ չի ձեռնարկվել Զինված ուժերի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ։

Վանեցյանի համոզմամբ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը Հայաստանի Զինված ուժերն են։

«Ցավոք սրտի, կարող ենք փաստել, հատկապես հաշվի առնելով վերջին՝ 44-օրյա պետերազմը, որ Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն են։ Այո՛, մեր Զինված ուժերը վերջին պատերազմից հետո գտնվում են, մեղմ ձևակերպված, ոչ նորմալ, ոչ բարվոք վիճակում, բայց ի՞նչ ունենք, ունենք ավարտված պատերազմ՝ շուրջ արդեն 8-9 ամիս, և մենք տեսանք, որ որևէ քայլ չի ձեռնարկվել մեր Զինված ուժերի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ։ Մենք ունենք չպաշտպանված սահմանագիծ, ունենք չկահավորված սահմանագիծ, մամուլում տարածվեցին բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, թե ինչ պայմաններում են մեր զինվորերն իրենց ծառայությունն անցկացնում նոր, այսպես կոչված առաջնագծում, որը ձևավորվեց վերջին պատերազմից և այդ խայտառակ կապիտուլյացիոն բնույթի փաստաթղթի սոտրագրումից հետո, և որևէ քայլ մեր իշխանությունները չեն արել, չեն անում, ցավոք սրտի, որ այդ առաջնագիծը վերականգնվի, մեր բանակի մարտունակությունը վերականգնվի։ Ես երբեք պատասխանատվությունից չեմ խուսափում, բայց կարող ենք փաստել մեկ բան`իմ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն աշխատած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգային համակարգը գործել է շատ լավ։ Մենք չենք ունեցել որևէ հարձակում, չենք ունեցել որևէ խնդիր և չենք ունեցել որևէ անվտանգային սպառնալիք, որին չենք կարողացել համարժեք պատասխան տալ»,- ասաց Վանեցյանը։

Լրագրողի հարցին, թե հրաժարական տալը և հեռանալը չէր կարծում, որ կարող էր վնասել Հայաստանի անվտանգությունը, ինչո՞ւ գնաց, Վանեցյանն ասաց․

«Հավատացեք, որ շատ երկար եմ պայքարել դրա համար, հավատացեք, որ բազմաթիվ զրույցներ եմ ունեցել թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ անվտանգության խորհրդի մյուս անդամների հետ, բայց, ցավոք սրտի, այդ խորհուրդները, այդ խոսակցությունները չէին ազդում քաղաքական ղեկավարության վրա, և ես չէի կարող մնալ մի թիմում, որը երկիրը բերելու էր այն վիճակի, որը մենք ունենք այսօր, և որևէ մեկը թող չասի, որ չենք զգուշացրել այս արհավիրքի մասին։ Ես իմ տված գրեթե մի քանի հրապարակյին հարցազրույցներում, վերջինը եղել է 2020 թվականի հունվարին, գրեթե ճշգրիտ ասել եմ, թե ինչ է սպասվում Հայաստանին և Արցախին»։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

 

  • Կիսվել: