երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստանցիներն անվերապահորեն կողմ են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին. IRI

Հայաստանցիներն անվերապահորեն կողմ են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին. IRI

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնի նոր համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հայաստանցիներն անվերապահորեն կողմ են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։

Պարզ է դարձել նաև, որ առկա են անվտանգության փխրուն միջավայրի հետ կապված մտահոգություններ, իսկ տարակուսանքը պատվաստումների նկատմամբ, որպես կորոնովիրուսային համավարակի դեմ պայքարի միջոց, նվազել է։

Համաձայն հարցման՝ հայաստանցիների 63%-ն իր գոհունակությունն է հայտնել հունիսին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

«Ցանկացած ժողովրդավարության մեջ ընտրությունների արդյունքների նկատմամբ ցուցաբերած այսչափ գոհունակությունն արդեն իսկ ողջունելի զարգացում է»,- ասել է ՄՀԻ Եվրասիայի բաժնի տնօրեն Սթիվեն Նիքսը:

«Գոհունակության նման աստիճանն առաջ է քաշում այն գաղափարը, որ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում գրանցված արդյունքները ներկայացնում էին ժողովրդի կամքը»:

Այնուամենայնիվ, քառասունչորսօրյա պատերազմից հետո անվտանգային անորոշ ​իրավիճակը հանրության շրջանում շարունակում է մնալ խիստ մտահոգիչ: Հարցին, թե Կառավարությունն իր առջև ծառացած ո՞ր կարևոր հարցերին պետք է առաջնային կերպով անդրադառնա, հայաստանցիների 62%-ն անվտանգության ոլորտում առաջացած հարցերի լուծումը համարում է առաջնահերթություն պահանջող կարևորագույն երկու խնդիրներից մեկը։

«Հայաստանի ժողովուրդը դեռևս խիստ մտահոգված է Ադրբեջանի հետ հակամարտության հետևանքով առաջացած անվտանգային իրավիճակով, և Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի ռազմական գործողությունների վերսկսման մտավախությունը մեղմելու համար»,- ասել է Նիքսը:

Ինչ վերաբերում է համաճարակին՝ պատվաստանյութերի վերաբերյալ նախկին տարակուսանքը հանդարտվել է: Ընդհանուր առմամբ, հայաստանցիների 48%ն ասել է, որ արդեն պատվաստվել է՝ (8%), կամ հաստատ մտադիր է պատվաստվել՝ (13%), կամ էլ հավանաբար կպատվաստվի՝ (27%)։

«COVID-19-ի դեմ պայքարում Առողջապահության նախարարությունը պետք է շարունակի իր հանրային իրազեկումը՝ խրախուսելով պատվաստվել հասարակության ավելի լայն զանգվածներին»,- նշել է Նիքսը:

Հետազոտությունն անցկացվել է ՄՀԻ Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ և իրականացվել «Այ Փի Էս Սի» կողմից:

Տվյալները հավաքվել են ամբողջ Հայաստանի տարածքում 2021 թվականի հուլիսի 21-30-ն ընկած ժամանակահատվածում` հեռախոսային հարցազրույցների միջոցով, որոնց համար հարցվողներ ընտրվել են ավտոմատացված պատահական հեռախոսահամարներին զանգահարելու միջոցով (random digit dialing) բջջային հեռախոսահամարների հավանականության նմուշառմամբ:

Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,504 ՀՀ քաղաքացիներից։ Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 կետային տոկոսը ամբողջ ընտրանքի համար՝ վստահության 95% մակարդակով։

  • Կիսվել: