ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությանը

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությանը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության քվեարկությանը։ Այս մասին հայտարարեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրել Գագիկ Բարսեղյանին։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց, թե ինչու են նման որոշում կայացրել և ինչ խնդիր ունեն Հաշվեքննիչ պալատի հետ՝ որպես ինստիտուտ։
 
«Այս քվեարկությանը չմասնակցելն այսպես եմ բացատրում` դուք ձեր քվեարկությամբ ապալեգիտիմացրել եք փակ և գաղտնի քվեարկության արդյունքները և քվեարկության գործընթացը։ Ամենավառ օրինակը Վահագն Հովակիմյանի քվեարկությունն է եղել և ընդդիմության ներկայացրած թեկնածուներին մերժելը ձեր կողմից՝ առանց որևէ ողջամիտ բացատրության»,– նշեց Մինասյանը։
Նա նաև ընդգծեց, որ ՔՊ-ի՝ ԱԺ բերած այն որոշումները, որով ըստ իրենց՝ բարելավվում կլինի, նորմալ են գնահատում, բայց որպես կանոն, բոլոր փաթեթները, որոնք բերվում են, կիսատ–պռատ մշակված կամ չմշակված են, կամ Հայաստանի առաջնային հարցերից դուրս հարցեր են։ Ըստ Մինասյանի, այնտեղ, որտեղ իրենք դեմ են քվեարկում, ինչպես օրինակ «Պետական գաղտնիքի մասին» օրինագծին, հստակ բացատրում են, թե ինչու։

  • Կիսվել: