երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Հայաստան» դաշինքը ընտրությունները վիճարկելու համար կդիմի Սահմանադրական դատարան. Հայտարարություն

«Հայաստան» դաշինքը ընտրությունները վիճարկելու համար կդիմի Սահմանադրական դատարան. Հայտարարություն

«Հայաստան» դաշինքը ընտրությունները վիճարկելու համար կդիմի Սահմանադրական դատարան։ Դաշինքի հայտարարությունում ասվում է.

«Հայաստան» դաշինքն իր երախտագիտությունն է հայտնում 2021թ. հունիսի 20-ի ՀՀ Աժ ընտրություններում դաշինքին աջակցած և իր օգտին քվեարկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Այն վստահություն է ներշնչում, որ երկրի մասին մտահոգ մեր հարյուր հազարավոր  քաղաքացիներ ոչ միայն տեսան հայ ժողովրդի առջև ծառացած գոյութենական սպառնալիքները, այլ նաև իրենց հավանությունը տվեցիn «Հայաստան» դաշինքի կողմից առաջարկած լուծումներին:

«Հայաստան» դաշինքը վերահաստատում է իր մոտեցումը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում: 
Մենք ունենք լուրջ հիմքեր, այս ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու և հայտարարելու, որ այսպիսի արդյունքներով ԱԺ-ն չի արտացուլում ուժերի իրական հարաբերակցությունը:
Մեր դիտարկումները և  դաշինքի նախընտրական շտաբերից եկած տեղեկատվությունը փաստում են, որ խախտումները սկսվել են ընտրության օրվանից շատ ավելի վաղ: Իսկ բուն ընտրության օրը բազմաթիվ տեղամասերից մեր  վստահված անձանց ահազանգերի նախնական ամփոփումը վկայում է, որ խոսքը գնում է ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին: Մասնավորապես.
1.             Ձևավորվեց ոչ մրցակցային ընտրական միջավայր, գործող իշխանության կողմից զանգվածաբար օգտագործվեցին վարչական ռեսուրսները, ձեռնարկվեցին ընտրական ահաբեկման առերևույթ գործողություններ:

2.             Ընտրահաշվարկը սկսելուն պես բազմաթիվ տեղամասերում տեղի ունեցան էլեկտրաէներգիայի անջատումներ: Խոսքը գնում  է մարզերի ամբողջական, առանձին համայնքների մասին՝ Արմավիր, Լոռի, Շիրակ, Արագածոտն և այլն:
3.             Բազմաթիվ տեղամասերում արձանագրվեցին այդ բնակավայրերին օտար մեծ թվով քաղաքացիների առկայություն և քվեարկություն, որը հիմք է տալիս ենթադրելու, որ գործել է շրջիկ մոբիլ խմբերի կեղծարարության համակարգ:
4.             Անհերքելի իրողություն է բանակի անթաքույց ուղղորդված քվեարկությունը, որն իշխանության համար ապահովել է մեծաքանակ ձայներ: 
5.             Առկա է խորը կասկած, որ գործել է ընտրությունների ծրագրային ապահովման կեղծարարություն, որն ի սկզբանե բացառում է օբյեկտիվ արդյունքների հնարավորությունը:
6.             Առանձին համայնքներում իշխանության կողմից քողարկված ընտրակաշառքի դեպքերի մասին ահազանգեր կան:
 
«Հայաստան» դաշինքն օգտագործելու է ընտրության արդյունքները վիճարկելու  ողջ գործիքակազմը՝ այդ թվում դիմելու է Սահնամադրական դատարան:  Դաշինքը սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ ընտրություններին մասնակցած այլ ուժերի հետ միասնական ՍԴ դիմելու հնարավորությունը քննարկելու համար»:

  • Կիսվել: