չորեքշաբթի, սեպտեմբեր 30
30 / 9 / 2026
«Հայաքվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին

«Հայաքվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կրկին դիմել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին (WCC)՝ ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 24-ին հրապարակված՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերաբերող զեկույցի վերաբերյալ։

Դիմումում, մասնավորապես, ասվում է. «Որպես ՀՀ քաղաքացիներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ խոր մտահոգություն ենք հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կանոնական կյանքին և գործունեությանը պետական միջամտության խորացող դրսևորումների առնչությամբ։

Հակասահմանադրական, հակականոնական և ապօրինի այս զեկույցով` օրվա իշխանությունը շարունակում է միջամտել Եկեղեցու ներքին կյանքին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կյանքի դարավոր հիմնասյուներից է և համաշխարհային քրիստոնեական ընտանիքի լիիրավ անդամ։ Հետևաբար, Եկեղեցի–պետություն հարաբերություններում անհրաժեշտ է հստակորեն տարանջատել պետության սահմանադրական լիազորությունները եկեղեցու ինքնավար ներքին կյանքից։

«Հայաքվե»-ն հատկապես մտահոգված է, որ իշխանության կողմից շարունակվող հետապնդումը խորացնում է հասարակության պառակտումը և վնասում ազգային համերաշխությանն ու հաշտեցման հնարավորություններին։

Ըստ այդմ, «Հայաքվե»-ն դիմում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ կոչ անելով.

հետևել Հայաստանում կրոնական ազատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ զարգացումներին,

վերահաստատել եկեղեցական ներքին կյանքի՝ քաղաքական անհարկի միջամտությունից զերծ մնալու սկզբունքը,

խրախուսել պետության կողմից Եկեղեցու հանդեպ հարգանքը,

նպաստել հոգևորականության և կրոնական հաստատությունների վերաբերյալ հանրային խոսքի զսպվածությանը,

և իր էկումենիկ առաքելության շրջանակում` աջակցել կրոնական ազատության, Եկեղեցու ինքնավարության, արժանապատվության և հասարակական խաղաղության պահպանմանը Հայաստանում։

  • Կիսվել: