հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայ ժողովուրդը շատ լավ հիշում է ձեր իշխանության «վագրային տարիները»․ Կոնջորյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

Հայ ժողովուրդը շատ լավ հիշում է ձեր իշխանության «վագրային տարիները»․ Կոնջորյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

ԱԺ արտահերթ նիստում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հայտարարությանը, որ նախկինում Հայաստանը համարվել է «կովկասյան վագր». «Պարոն Խաչատրյանը հիշեց իրենց մասնակցությամբ կառավարման տարիները և ասաց, որ Հայաստանը հորջորջվել է որպես կովկասյան վագր: Անկեղծ ասած՝ այդքան ծիծաղելի արտահայտություններ ես կարծում եմ ամեն դեպքում պետք չի անել, ենթադրում եմ՝ ինչ որ մարդիկ այդ վագրի ատամները քաշել էին, մորթին էլ կախել էին իրենց շքեղ ապարանքներում և երևի իրենց տնտեսական ցատկերն էին վագրային թռիչք իրականացրել: Ուզում եմ հիշեցնել, որ դուք կոալիցիոն կառավարության մաս եք եղել և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, և նրանց կառավարման տարիներին Հայաստանից հեռացել է շուրջ կես միլիոն մարդ, կարո՞ղ է այդ վագրից էին վախենում մարդիկ, վագրային տնտեսական հաջողություններից էին վախենում մարդիկ, որ Հայաստանից հեռանում էին»:

Կոնջորյանը խոսեց նաև Խաչատրյանի այն արտահայտության մասին, որով արտագնա աշխատանքի մեկնողներին անվանում է խոպանչիներ. «Հարյուր հազարավոր մարդկանց ասում եք խոպանչիներ, երբ որ կա ավելի ճիշտ ձևակերպում: Ես հասկանում եմ, որ քաղաքական իշխանությանը չեք սիրում, կարելի է նույնիսկ մտածել, որ ատում եք, բայց չի կարելի ատել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որքան էլ այդ ժողովուրդը ձեր դատարկ հրապարակները չի լցնում և ձեզ ձայն ու վստահություն չի տալիս, որովհետև շատ լավ հիշում է ձեր իշխանության վագրային տարիները և այդ մարդիկ իրենց մաշկի վրա զգացել են այդ վագրի ժանիքների տեղերը»:

  • Կիսվել: