երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու փորձերը դատապարտված են անհաջողության. Լավրով

Հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու փորձերը դատապարտված են անհաջողության. Լավրով

Ռուսաստանի և Հայաստանի բարեկամական ամուր հարաբերությունները փորձությունների և սադրանքների ենթարկելու բոլոր փորձերը դատապարտված են անհաջողության: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ երկու երկրների միջև մարդկային կապերն անքակտելի են, բազմադարյա։
 
«Դա միջպետական հարաբերությունների զարգացման լավագույն հիմքն է։ Շատերը ցանկանում են այդ հիմքը փորձությունների ենթարկել, բայց ամեն անգամ, երբ ես այցելում եմ Հայաստան, իսկ դա հաճախ է լինում, մենք համոզվում ենք, որ այդ փորձերը դատապարտված են անհաջողության», - ասել է Լավրովը:
 
Նախարարն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններն ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները՝ տնտեսություն, ռազմատեխնիկական համալիր, մարդասիրական և կրթական ոլորտներ, բարձր տեխնոլոգիաներ և այլն։ Երկկողմ օրակարգից բացի, կողմերի շփումների կարևոր թեման է նաև Ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։
 
Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվի հետ հարաբերությունների կարգավորմանը. Լավրովը՝ Փաշինյանին
 
«Մենք գիտենք, որ դա առանձնահատուկ նշանակություն ունի նաև հայ ժողովրդի համար։ Քանի որ տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման աշխատանքը կարևորագույն նշանակություն ունի ձեր երկրի զարգացման, մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և զուտ մարդկային հարաբերությունների համար,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը՝ դիմելով ՀՀ նախագահին: - Այդ ամենը շատ օգտակար է մեր ընդհանուր՝ Հարավկովկասյան տան համար։ Մենք ամեն կերպ կաջակցենք»։
 
Վահագն Խաչատուրյանն էլ իր հերթին ասել է, որ Լավրովը միշտ ցանկալի հյուր է Հայաստանում, և Երևանը գնահատում է Ռուսաստանի դերը ՀՀ–ի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում:

  • Կիսվել: