ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության մասին խոսակցությունները արհեստական օրակարգ են, բացառվում է, որ ՀՀ իշխանությունները հակառուսական քաղաքականություն վարեն․ Ալեքսեյ Սանդիկով

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության մասին խոսակցությունները արհեստական օրակարգ են, բացառվում է, որ ՀՀ իշխանությունները հակառուսական քաղաքականություն վարեն․ Ալեքսեյ Սանդիկով

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության, հարաբերությունների վատացման մասին քննարկումները և հնչած հարցադրումները արհեստական օրակարգ են, InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգույթամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովը։

Ըստ պատգամավորի, նման քննարկումները քաղաքական որոշ շահեր են հետապնդում, և ընդհանուր առմամբ, երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև խնդիրներ չկան։

«Իհարկե, աշխատանքային խնդիրներ առաջանում են, և դա բնական է, բայց դրանք լուծվում են կառուցողական երկխոսության ճանապարհով։ Իսկ մնացած այդ արհեստական երևույթները, որ մենք տեսնում ենք թե սոցիալական ցանցերում, թե լրատվամիջոցներում միգուցե ինչ-որ այլ նպատակներ են հետապնդում, որը չի համապատասխանում օբյեկտիվ պատկերին», - նկատեց Սանդիկովը։

Դիտարկմանը, թե հիմնականում սոցցացաներում որոշ ուժերի ներկայացուցիչներ հարցեր են բարձրացնում, թե՝ ուզում եք բարկացնե՞լ Պուտինին, Սանդիկովը արձագանքեց ծիծաղով։ Ավելին, նման հայտարարությունները նա զավեշտ համարեց․

«Լավ էլի, ախր չի կարելի էդպես ասել, ի՞նչ է նշանակում բարկացնել այս կամ այն քաղաքական գործչին։ Կարծում եմ՝ պետք չի մոռանալ, որ մենք ինքնիշխան պետություն ենք ու աշխատում ենք գործընկերության սկզբունքներով՝ ոչ ոք ոչ ոքի չի բարկացնում, ոչ ոք ոչ ոքի չի վախեցնում։ Խոսքը դաշնային գործընկերության մասին է»։

Անդրադառնալով գործող իշխանությունների հասցեին պարբերաբար հնչող քննադատություններին, որ վարում են հակառուսական քաղաքականություն, Սանդիկովը ընդգծեց․

«Դա բացառված է։ ՀՀ վարչապետը բազմիցս նշել է, որ պետք է դուրս գալ այդ կարծրատիպից, որ Հայաստանը վիզը ծուռ, մշտապես գերտերությունների կրկնի տակ ապրող պետություն է։ Ես այն կարծիքին եմ, որ մենք պետք ենք Ռուսաստանին ոչ պակաս, քան Ռոսաստանը՝ մեզ։ Հենց այստեղ է ընկած մեր գործընկերային փիլիսոփայությունը՝ պետք է շիտակ, միմյանց աչքերի մեջ նայելով, խոսել կնճռոտ հարցերի մասին ու պաշտպանել մեր սեփական շահերը»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: