շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայ երիտասարդությունը չի հանդուրժում և չի համակերպվել. տեղի է ունեցել «Համահայկական երիտասարդական դիմադրություն» շարժման հավաքը

Հայ երիտասարդությունը չի հանդուրժում և չի համակերպվել. տեղի է ունեցել «Համահայկական երիտասարդական դիմադրություն» շարժման հավաքը

Հունվարի 16-ին տեղի է ունեցել «Համահայկական երիտասարդական դիմադրություն» շարժման առցանց ընդհանուր հավաքը, որին մասնակցել են 20 երկրներից շարժմանը միացած 70-ից ավելի երիտասարդական կազմակերպություններ՝ շուրջ 115 ներկայացուցիչներով։ Վերջիններս տարբեր ոլորտներում գործող (քաղաքական, եկեղեցական, կրթամշակութային, բարեսիրական, մարզական, ուսանողական) և տարբեր հայացքներ ունեցող կազմակերպություններ են, որ համախմբված են շարժման տեսլականի, նպատակների եւ օրակարգի շուրջ, հայտնում է ՀՅԴ-ից։

Հանդիպման բանախոսն էր՝ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։ Նա, կարևորելով արտաքին թշնամու հանդեպ վրեժի ոգով առաջնորդվելը և ազգային արժանապատության վերականգնումը, հրամայական համարեց պատերազմի վախից ձեռբազատվելը, ինչպես նաև հայ երիտասարդության գաղափարականացումը, որի արդյունքով պիտի ծնվի համատարած ժողովրդական պոռթկումը։

ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի ներկայացուցիչ Արշակ Մեսրոպյանը ներկայացրել է դիմադրության շարժման պայքարի հինգ հիմնական ուղղություններն ու առաջիկա աշխատանքները, որոնք իրականացվելու են։

Առաջիկա քայլերի վերաբերյալ տեղի ունեցավ մտքերի փոխանակում։ Շեշտը դրվեց Արցախում և Սյունիքում աշխատանքները կենտրոնացնելու և սփյուռքյան համայքների երիտասարդությանը դիմադրության գաղափարի շուրջ կազմակերպելու վրա։

Հայ երիտասարդությունը չի հանդուրժում և չի համակերպվել այսօրվա իրականության հետ։ Համահայկական երիտասարդական դիմադրության ցանցը օրեցօր ընդլայնվում է և իր ամբողջ կարողականությունն ու ներուժը պիտի կենտրոնացնի ներկա իրավիճակը շտկելու ուղղությամբ։

  • Կիսվել: