երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նամակը Շառլ Միշելին․ ԵՄ դիրքորոշումը միայն խրախուսում է Ադրբեջանի բռնատիրական վարչակարգին

Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նամակը Շառլ Միշելին․ ԵՄ դիրքորոշումը միայն խրախուսում է Ադրբեջանի բռնատիրական վարչակարգին

Թարգմանաբար ներկայացնում ենք ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի բաց նամակը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:

Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ սովն ու առաջին անհրաժեշտության ապրանքներից զրկելն ինը ամիս որպես էթնիկ զտումների գործիք օգտագործելուց հետո, Ադրբեջանն այժմ սկսել է ահաբեկել և ռմբակոծել 120.000 մարդու, այդ թվում՝ 30.000 երեխաների: Այսօր առավոտից Ադրբեջանը ծանր հրետանիով գնդակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը։

Ալիևի ռեժիմը բռնապետական, ֆաշիստական ռեժիմ է, որն օգտագործում է նույն ձեռագիրը, ինչ մյուս բռնապետերը: Ուստի անհրաժեշտ է դադարեցնել դա՝ օգտագործելով վճռական և արդյունավետ միջոցներ։ Հակառակ դեպքում, միջազգային հանրությունը, ներառյալ ԵՄ-ն, որպես հիմնական բանակցող, պատասխանատվություն  է կրում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և դրան ոչ համարժեք արձագանքի համար:

Անկախ փորձագետների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներ և հայտարարություններ զգուշացնում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների Ադրբեջանի շարունակական քաղաքականության և դրա ցեղասպանական էության մասին։ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն վերջերս իր զեկույցում պնդում է, որ կա «ողջամիտ հիմք» ենթադրելու, որ Ադրբեջանը ներկայումս ցեղասպանություն է իրականացնում Արցախի բնիկ հայ բնակչության դեմ։ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, Genocide Watch-ը նույնպես մի քանի ահազանգեր են տարածել այս ծանր իրավիճակի վերաբերյալ։

Միջազգային իրավունքի սկզբունքները չեն ստեղծվել, որպեսզի օգտագործվեն որպես գործիք՝ նպաստելու էթնիկ զտումներին կամ բնակչության դեմ վայրագություններ իրականացնելուն: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չարաշահում է տարածքային ամբողջականության սկզբունքը՝ որպես պատրվակ, էթնիկ զտումներ իրականացնելու և բնիկ հայ բնակչությանը սեփական հայրենիքից վերացնելու համար։ Մարդու իրավունքների և կյանքի գնով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու ԵՄ դիրքորոշումը միայն խրախուսում է Ադրբեջանի բռնատիրական վարչակարգին և հայերի նկատմամբ դաժան ճնշման քաղաքականությանը։

Որպես համաեվրոպական համայնքային կազմակերպություն՝ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը և նրա ԵՄ անդամ 14 երկրներում նրա հանձնախմբերը գնահատում են ձեր ջանքերը՝ որոնք, այս այս խիստ բարդ իրավիճակում ուղղված են միջնորդական ջանքերին: Այնուամենայնիվ, որպես ԵՄ քաղաքացիներ, մենք ակնկալում և պահանջում ենք վճռական միջոցներ՝ Ադրբեջանին զսպելու համար։ Մենք ուշադիր հետևելու ենք իրադարձությունների զարգացմանը։

  • Կիսվել: