երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հաճելի էր տեսնել, որ երկու երկրների վարչապետները Վրաստանում միասին մասնակցում էին նույն ֆորումին. Բոճորիշվիլին՝ Փաշինյանի ու Ասադովի մասին

Հաճելի էր տեսնել, որ երկու երկրների վարչապետները Վրաստանում միասին մասնակցում էին նույն ֆորումին. Բոճորիշվիլին՝ Փաշինյանի ու Ասադովի մասին

Վրաստանի դերն ուղղված է տարածաշրջանում խաղաղության ապահովմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավորինս արագ համաձայնության հասնելուն: Այս մասին այսօր ասել է Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին՝ անդրադառնալով իր երկրի, Ադրբեջանի ու Հայաստանի վարչապետների՝ Վրաստանում կայացած հանդիպմանը, գրում է aliq.ge-ն:

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան իրադարձություններից հետո Վրաստանում առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպեցին Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներ Ալի Ասադովը և Նիկոլ Փաշինյանը։

՛՛Մենք ցանկանում ենք, որ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղություն տիրի, մենք կարող ենք նպաստել այդ գործընթացին: Հաճելի էր տեսնել, որ երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի — խմբ.) վարչապետները Վրաստանում էին, միասին մասնակցում էին նույն ֆորումին՛՛- նշել է Բոճորիշվիլին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը։

Ղարիբաշվիլիի գլխավորությամբ երկու երկրների վարչապետները ոչ ֆորմալ շփում են ունեցել Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում «Շատո Մուխրանի» համալիրում տրված պաշտոնական ընթրիքից հետո։

Ղարիբաշվիլին, Փաշինյանը և Ասադովը Թբիլիսիում մասնակցել են «Մետաքսի ճանապարհի» համաժողովի բացման արարողությանը՝ հանդես գալով ելույթով։

 

  • Կիսվել: