Հասկանում եմ՝ Մելիք Ֆրանգյուլի համբավն իրենց հանգիստ չի տալիս, բայց դա արդեն վաստակել են. Մամիջանյան
Հայաստանում ՔՊ-ի կողմից ստի տարածումն արդեն աներևակայելի մասշտաբների է հասնում, մասնավորապես, երեկ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից որոշեց սուտ տարածել, կամ՝ ցույց տալ, որ Macbook ունի, այլ տրամաբանություն չեմ տեսնում այդտեղ, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ինչ-որ տեսանյութ է ցույց տվել, որով փորձել է ներկայացնել, թե նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել ԱՄՆ-ին չճանաչել Հայոց ցեղասպանությունը.
«Քանի որ որոշ ՔՊ-ականներ ընթերցելու հետ խնդիրներ ունեն, ես բանավոր կասեմ այն, ինչ երեկ գրել էի սոցցանցերի իմ էջերում։ Դեռևս 2010 թվականին հրապարակված այդ տեսանյութի վերաբերյալ նախագահի մամուլի խոսնակը տարածել է հերքում, որ նման բան երբևէ չի եղել, հայկական կողմն իր համաձայնությունն է տվել ամերիկյան կողմին՝ հրապարակելու, գաղտնազերծելու խոսակցությունը, ինչին ի պատասխան՝ այն ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հերքում է տարածել, որ նախագահի և փոխնախագահների խոսակցության ընթացքում նման բան երբևէ չի քննարկվել, նման հորդոր նախագահը չի հնչեցրել և կոչ է արել իր գործընկերներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։
Ինչ վերաբերում է այդ տեսանյութերը տարածողներին՝ Մամիջանյանը նշեց.«Ես հասկանում եմ, որ դավաճանողի, ուրացողի իրենց պիտակը, որն իրենց անվան հոմանիշն է դարձել, փորձում են փակցնել ուրիշների վրա, բայց թող մեզնից վազ անցնեն, դա որևէ պարագայում չի հաջողվի։ Ես հասկանում եմ, որ Մելիք Ֆրանգյուլի համբավն իրենց հանգիստ չի տալիս, բայց դա իրենք արդեն վաստակել են, թող առանձնապես չանհանգստանան»։
Մամիջանյանը հավելեց, որ Հայոց ցեղասպանության հարցում նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման հետագիծը, ինչպես նաև ՀՀԿ-ի գործունեությունն ակնհայտ է և խոսում է շատ ավելի բարձր, քան նրանց ստերը.
«Այն գործընթացները, որոնք տեղի ունեցան նախագահ Սարգսյանի կառավարման ընթացքում՝ տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված, 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան այցելած տարբեր երկրների ղեկավարների, նախագահների դիրքորոշումները շատ ավելի խոսուն են, քան որոշ երեսփոխանների՝ ԱԺ-ի ամբիոնից հնչեցրած ստերը»։