ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հասկանալու համար, թե ՀՀ-ն ի՛նչ իրական օրակարգ կարող է առաջ մղել Փելոսիի այցի համատեքստում, նախ պետք է սթափվել և լրջանալ. Ոսկանյան

Հասկանալու համար, թե ՀՀ-ն ի՛նչ իրական օրակարգ կարող է առաջ մղել Փելոսիի այցի համատեքստում, նախ պետք է սթափվել և լրջանալ. Ոսկանյան

Արևելագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցին:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Եթե մի կողմ թողնենք Նենսի Փելոսիի այցն իբր «փրկչական» առաքելություն ներկայացնելու հատկապես սոցցաներում տիրող հրճվանքը մի կողմից, և Ռուսաստանի «դիվականացումն» ու մեր լալկանությունը՝ մյուսից, ու փորձենք հասկանալ, թե Հայաստանն ինչ իրական օրակարգ կարող է առաջ մղել այս ամենի համատեքստում, ապա նախ պետք է սթափվել և լրջանալ։

Մեր ազգային շահերի և անվտանգային սպառնալիքների տեսանկյունից աշխարհում կան երկու դիվական և ծավալապաշտական վարչախմբեր՝ Բաքվում և Անկարայում, որոնցից առաջինը օբյեկտիվորեն բռնապետական է, իսկ երկրորդը՝ ավտորիտար։ Ըստ այդմ, դատելով, հենց Ն․ Փելոսիի հայտարարություններից, ԱՄՆ-ը ոչ միայն որևէ կերպ չի կարող աջակցել դրանց, այլ նաև պետք է օժանդակի Հայաստանին հենց դրանց դեմ պայքարում։ Իսկ ինչպիսի՞ն կարող է լինել այդ աջակցությունը։

Այս առումով՝ նվազագույնը, որ կարող է անել համաշխարհային գերտերություն ԱՄՆ-ը՝

1․ Դադարեցնել ցանկացած ռազմաքաղաքական օժանդակություն Բաքվի բռնապետական վարչախմբին և ծրագրել ու առաջ մղել Բաքվում ալիևյան վարչախմբի փոփոխություն, որին կարող է նպաստ բերել նաև Հայաստանը։

2․ Խստագույն պատժամիջոցների պայմաններում Հայաստանին տրամադրել բացառիկ արտոնություններ (ընդ որում, դրանք կարող են լինել լռելյայն համաձայնության արդյունք) Ռուսաստանի և Իրանի համար դառնալու հարթակ այդ պատժամիջոցների հետևանքները մեղմելու առումով։ Դա հնարավորություն կտա Երևանին վերականգնելու իր սուբյեկտայնությունը միջազգային գործընթացներում, աննախադեպ ծավալներով վերականգնելու մեր պետության անվտանգության համակարգը և Հայաստանը դարձնելու Թուրքիայի մրցակից փաստացի առանձնաշնորհյալ իրավունքներով օժտված կարևորագույն «ամորտիզացիոն» հարթակ , որի միջոցով Վաշինգտոնը կարող է հարաբերվել նաև Թեհրանի և Մոսկվայի հետ։

Կան մի քանի այլ հնարավորություններ ևս, բայց այս ամենն իրացնել փորձելու համար կրկին նախ պետք է սթափվել ու լրջանալ և լուծել խնդիրները Հայաստանի ներսում՛՛:

  • Կիսվել: