երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Հարությունյանն առաջարկում է օրենքով արգելել որոշ կուսակցությունների գործունեությունը

Հարությունյանն առաջարկում է օրենքով արգելել որոշ կուսակցությունների գործունեությունը

 ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանն առաջարկում է օրենքով արգելել որոշ կուսակցությունների գործունեությունը։
 
«2018 թվականին, հարգելի ՔՊ–ական գործընկերներ, պետք է գնահատական տայինք նախկին իշխանությանը և օրենքով արգելեինք պետությունը զավթած կուսակցությունների գործունեությունը, որպեսզի հիմա մեզ ազատեինք այն տեսակի քաղաքական ուժերից, որոնք այսօր գոյություն ունեն։ Ես շատ մեծ հույս ունեմ և վստահ եմ, որ հատկապես գործադիրը միջոցներ կձեռնարկի, որպեսզի մինչև 2031 թվականը մենք այդ իրավիճակից ձերբազատվենք»,– ասաց Հարությունյանը Ազգային ժողովում։
 
Հիշեցնենք՝ 2025 թվականի հուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՅԴ-ն փակելու վերաբերյալ իշխանական պատգամավորի առաջարկին, հայտարարեց, որ կուսակցության փակումը իրավական գործընթաց է, և եթե դրա համար իրավական բազա կուտակվի, հարցը կտեղափոխվի իրավական դաշտ։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում Փաշինյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն փակելու անհրաժեշտություն չի տեսնում՝ պնդելով, թե կուսակցությունն ամենօրյա ռեժիմով փակվում է։
 
Նշենք, որ գործող օրենսդրության համաձայն` կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ, իսկ ՍԴ դիմելու իրավասություն ունեն Ազգային ժողովը և կառավարությունը։ Կուսակցության գործունեության արգելման դեպքում այն ենթակա է լուծարման։

  • Կիսվել: