երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հարցրել են՝ էս ինչի՞ հաշվին եք մատ թափ տալիս, ասել ենք՝ ոնց, չգիտե՞ք՝ ով ա մեր մեջքին կանգնած․ Նիկոլ Փաշինյանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին

Հարցրել են՝ էս ինչի՞ հաշվին եք մատ թափ տալիս, ասել ենք՝ ոնց, չգիտե՞ք՝ ով ա մեր մեջքին կանգնած․ Նիկոլ Փաշինյանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի ամենակարևոր քաղաքական գործառնական նշանակությունն այն է, որ մենք վիզուալ ցույց տանք, թե ինչ ենք ուզում, ինչ պատրաստակամություն ենք հայտնում, և այդպես շարունակ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկի» մասին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին։

Ըստ նրա՝ սա ոչ թե նոր բան է, այլ վերջին երեք տարվա դիրքորոշումների, քննարկումների ու պայմանավորվածությունների արտահայտում․

«Խաղաղության օրակարգն ու «Խաղաղության խաչմերուկը» հենց անվտանգության մասին է։ Անվտանգության մոդելը, որ մենք կիրառել ենք ու արդյունքում պրոբլեմներ ունեցել, գիտե՞ք որն է․ աջ ենք պտտվել, մատ ենք թափ տվել, ձախ ենք պտտվել, մատ ենք թափ տվել, ուղիղ ենք նայել, շրջվել ենք՝ մատ ենք թափ տվել։ Մեզ հարցրել են՝ էս ինչի՞ հաշվին եք մատ թափ տալիս, ասել ենք՝ ոնց, չգիտե՞ք՝ ով ա մեր մեջքին կանգնած։ Երբ եկել է պահը, որ դա պետք է արտահայտվեր, ասել են՝ ոնց որ թե այսօր զանգի չենք սպասում, չենք կարող ոչ մի բան ասել։ Էս ընկալման փոփոխությունը կարևոր է»,- ասել է նա։

Նրա խոսքով, այսօր աշխարհում անվտանգությունն ապահովում են, ի թիվս այլ բաների, հաղորդակցությունը, տնտեսությունը, մշակույթը, փոխադարձ կախվածությունը։ Հենց սրա մասին է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վստահեցրեց ՀՀ կառավարության ղեկավարը։

«Երկրի աշխարհագրական դիրքը լավ է, թե վատ, կախված է նրա հարևանների հետ հարաբերություններից: Մենք որևէ ազդեցություն չունենք մեր աշխարհագրական դիրքի բովանդակության վրա։ Մեր աշխարհագրական դիրքը միշտ ուրիշներն են որոշել մեզ համար։ Դա է խնդիրը: Մենք ինքնե՞նս ենք ուզում որոշել մեր աշխարհագրական դիրքը, թե՞ ոչ։ Իսկ մենք կարո՞ղ ենք որոշել մեր աշխարհագրական դիրքը, թե՞ ոչ։ Դա անելու ունակությունը նույնպես կարևոր է: Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է, մենք պետք է դա հնարավոր դարձնենք»,- հավելել է Հայաստանի վարչապետը։

  • Կիսվել: