հինգշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2026
 «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար. ՌԴ դեսպան

«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար. ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման պայմանագիրը բացառիկ բարենպաստ է համարել հայկական կողմի համար։

Ըստ նրա, Ռուսաստանը պատրաստ է քննարկել ընկերության հետագա գործունեությանն առնչվող հարցերը՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխություններն ու Հայաստանի նոր կարիքները։

«Ինձ տպավորեց կոնցեսիայի գործունեության վերլուծությունը, որը ներկայացրեց «Ռուսաստանյան երկաթուղիների» ղեկավարը։ Կոնցեսիոն պայմանագիրն ինքնին կազմված է հայկական կողմի համար բացառիկ բարենպաստ, գուցե նույնիսկ աննախադեպ բարենպաստ պայմաններով», — հայտարարել է Կոպիրկինը։

Դեսպանը նշել է, որ ռուսաստանյան կողմը պատրաստ է հետագա համագործակցության ինչպես երկաթուղային տրանսպորտի, այնպես էլ ատոմային էներգետիկայի ոլորտում՝ հաշվի առնելով հայկական կողմի շահերն ու կարիքները։

Կոպիրկինը նաև հայտնել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը երեք ամսվա ընթացքում պետք է ուսումնասիրի կոնցեսիային առնչվող հարցերը՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ գործընթացների փոփոխությունները։

Պատասխանելով երկաթուղային տրանսպորտի և ատոմային էներգետիկայի ոլորտներում Երևանի և Մոսկվայի միջև հնարավոր փոխադարձ զիջումների մասին հարցին՝ դիվանագետը հայտարարել է, որ նախընտրում է չօգտագործել «սակարկություն» բառը։

«Կարծում եմ՝ երկու կողմերն էլ համակողմանի գնահատական կտան մեր հարաբերություններում հասունացած հարցերին, և դա հետագա բանակցությունների առարկա է։ Ամենակարևորն այն է, որ քննարկումն ընթանա կառուցողական հունով՝ հիմնվելով փոխադարձ քաղաքական կամքի վրա», — ասել է ՌԴ դեսպանը։

  • Կիսվել: