ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը բազմաթիվ դետալներից կազմված փազլ է․ ՌԴ փոխվարչապետ

Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը բազմաթիվ դետալներից կազմված փազլ է․ ՌԴ փոխվարչապետ

Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը բազմաթիվ կտորներից կազմված մի փազլ է։ Այս մասին Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է՝ բաղկացած մեծ թվով դետալներից։ Այնտեղ կան քաղաքական ասպեկտներ՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ, կան նաև այդ երկրների միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցեր»։

Օվերչուկի խոսքով՝ այնտեղ կան նաև պետական սահմանը հատելիս իրականացվող վերահսկողության բոլոր տեսակների կազմակերպման և անցկացման, մարդկանց անվտանգության, ճանապարհի բեռնվածության, էկոլոգիայի և կլիմայի, տնտեսական հարցերի և հարևան երկրների շահերի հետ կապված հարցեր։

«Ի վերջո, այնտեղ կան Ռուսաստանի Դաշնության շահերը՝ կապված երկաթուղային կոնցեսիայի, ինչպես նաև Մեղրիի հատվածի շրջանում ռուս սահմանապահների ներկայության հետ։ Շատ տարբեր հարցեր կան, դրանք իրենց բնույթով հիմնականում տեխնիկական են, սակայն դրանցից է կախված վերջնական արդյունքը»,-նշել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Այս թեմայով ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում էլ Օվերչուկը հայտարարել է, որ Հարավային Կովկասի հարցերով եռակողմ խումբը չի հանդիպել 2023 թվականի հուլիսի սկզբից ի վեր։

«Խումբը չի հավաքվել 2023 թվականի հուլիսի սկզբից, թեև երկկողմ մակարդակով կապ ենք պահպանում։ Եվ կարծիքներ ենք փոխանակում այն մասին, թե ինչ է կատարվում, այդ թվում՝ հանդիպումների ժամանակ, որոնց մասին ես խոսեցի։ Այդուհանդերձ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները նաև իմ գործընկերներն են միջկառավարական հանձնաժողովներում և մենք շատ ենք շփվում։ Խումբը մանրակրկիտ է աշխատել՝ խորանալով մանրագույն դետալների մեջ, դիտարկելով Հարավային Կովկասում ապաշրջափակման ամենատարբեր ասպեկտները։ Մենք ամեն ինչ դիտարկել ենք ամենատարբեր կողմերից։ Սկզբունքորեն, եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում բոլոր որոշումները ձևակերպվել են և համենայնդեպս, պարզ է, թե ինչ է պետք անել և ինչպես»,-ասել է նա:

  • Կիսվել: