հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀԱՊԿ-ը պետք է հայտարարի, որ իր 200 քառ. կմ տարածքն օկուպացված է, և Ադրբեջանը պետք է դուրս գա. Մարուքյան

ՀԱՊԿ-ը պետք է հայտարարի, որ իր 200 քառ. կմ տարածքն օկուպացված է, և Ադրբեջանը պետք է դուրս գա. Մարուքյան

Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մասով հանդիպումների բազմաթիվ առաջարկներ կան, կան աշխատանքներ նաեւ Բրյուսելի մասով, Մոսկվայից էլ կան առաջարկներ... Հայաստանը որոշում կկայացնի, այս պահին պայմանավորված հանդիպում չկա։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարությունններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նա անդրադարձել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե Արեւմուտքը խանգարում է եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, Երեւանի ու Բաքվի հաշտեցմանը, Մարուքյանն արձագանքել է․ 

«Շատ լավ կլիներ, որ ասեր՝ այդ եռակողմ պայմանավորվածությունների կոնկրետ որ կետի։ Արեւմո՞ւտքն է խանգարել, որ ՌԴ խաղաղապահները թույլ չտան սեպտեմբերի 19-ին ռազմական ուժի կիրառում ԼՂ-ի նկատմամբ եւ էթնիկ զտման գործողություններ, Արեւմո՞ւտքն է խանգարել, որ ՌԴ խաղաղապահները բացեին Լաչինի միջանցքը, Արեւմո՞ւտքն է խանգարել, որ ՌԴ խաղաղապահները եռակողմ հայտարարության համաձայն՝ պահպաներ շփման գիծը։ Ի՞նչ կասեին ռուսները, եթե օրինակ՝ Սպիտակ տան մամուլի խոսնակն ասի՝ կարող է գային եւ Վաշինգտոնում հանդիպեին եւ խաղաղություն կնքվեր, բայց Ռուսաստանն է խանգարում։ Պետք է նայենք թե երկուսն իրար ինչում են մեղադրո՞ւմ։ Ադրբեջանն ունի՞ կամք խաղաղության պայմանագիր կնքելու, եթե ունի այդ կամքը, պետք է գնա այդ քննարկումներին։

Արեւմուտքը չի եկել Ռուսաստանին ասել, որ չպահի ԼՂ-ն, չնայած որ Արեւմուտքն էլ իր մեղքերն ունի, դրանք այն են, որ երկար ժամանակ հավատացել են Ադրբեջանի ռեժիմին, իրերն իրենց անունով չէին կոչում հույս ունենալով, որ իրենք կոնստրուկտիվ կպահեն Ադրբեջանի հետ, Ադրբեջանն էլ կգա իրենց հարթակներում համաձայնության, բայց հիմա Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր խնդիրների ինչ-որ բլոկ լուծել է, հիմա չի գալիս, արհամարհում է։ Հիմա Արեւմուտքը պետք է անբարենպաստ հետեւանքներ առաջացնի Ադրբեջանի համար»։

Անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելուն՝ Մարուքյանը պարզաբանել է․ «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ ՀԱՊԿ-ը պետք է հայտնի հստակ դիրքորոշում։ Եթե լինում է այդ հստակ դիրքորոշումը, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը իր պարտավորությունը որ չի կատարել, ինչու չի կատարել։ Եթե ասեն, որ Հայաստանի սահմանները այս սահմաններն են, ուրեմն պետք է ընդունեն, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 240 քառակուսի կիլոմետր օկուպացված է։ Դա նշանակում է, որ օկուպացնելու ժամանակ ՀԱՊԿ-ը իր կանոնադրական պարտականությունները չի կատարել, եթե ասեն՝ մեզ չեք դիմել, դրա համար չենք կատարել, դա էլ չեն կարող ասել, որովհետեւ մի քանի անգամ դիմել ենք։ Հետեւաբար սա քաղաքական որոշման հարց է, պետք է քաղաքական որոշում կայացնել՝ կամ ընդունում են այն, ինչը տեղի է ունեցել, կամ եթե չեն ընդունում, ապա մենք ՀԱՊԿ նիստերին գնալով եւ ասելով ինչ է փոխվելու»։

Անդրադառնալով Մարիա Զախարովայի այն դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանի համար ապահովում է անվտանգության անհրաժեշտ մակարդակ, եւ, որ ՀԱՊԿ-ի հարցը եւ ԼՂ կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանում կապում են միմյանց հետ, Մարուքյանն ասել է․

«Հայաստանի դիրքորոշումն այդպիսին չի եղել, Հայաստանում թեմաները չեն խառնվել։ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին, ասելով, որ եկեք, ԼՂ պատերազմում աջակցեք։ ՀԱՊԿ-ը կապ չունի Լաչինի միջանցքը չպահելու հետ, ՀԱՊԿ-ը նոյեմբերի 9-ը մեզ հետ չի ստորագրել, դա ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ, որը ամբողջությամբ տապալվել եւ չի կատարվել, այդ փաստաթուղթն այս պահին չգործող փաստաթուղթ է։ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը բարձրացրել է Հայաստանի ինքիշխան տարածքների վրա հարձակումներից հետո, սկսած Սեւ լճի դեպքերից եւ ներխուժումներից հետո, մինչեւ սեպտեմբերյան ներխուժումներ եւ օկուպացիա, որտեղ ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարել Հայաստանի դիմումներից հետո։ Այստեղ հարցը այն չէ, որ ՀԱՊԿ-ը պետք է ռազմական ինքնաթիռներով գար Հայաստան եւ պատերազմեր Ադրբեջանի հետ, ՀԱՊԿ –ը քաղաքական մակարդակում անգամ քայլեր չի կատարել»։

Ըստ հատուկ հանձնարարություններով դեսպանի՝ հիմա ՀԱՊԿ-ն օկուպացված է՝ ՀԱՊԿ-ի 200 քառ. կմ տարածքը (ՀՀ-ի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքները-խմբ.) օկուպացված է․ «Եվ հիմա կամ ՀԱՊԿ-ը պետք է հայտարարի, որ Ադրբեջանը պետք է դուրս գա այդ 200 քառ.կմ տարածքից, կամ պետք է ընդունի, որովհետև սրանք իմ կազմակերպության սահմաններն են, կամ պետք է ընունի, որ ինքն իր պարտականությունները չէ կարողանում կատարել: Եվ մենք մեր որոշումը կկայացնենք»,-ասել է Մարուքյանը։ 

  • Կիսվել: