ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀԱՊԿ-ը կամա թե ակամա քարտ բլանշ է տալիս Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողություններ իրականացնելու․ Հայկ Կոնջորյան

ՀԱՊԿ-ը կամա թե ակամա քարտ բլանշ է տալիս Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողություններ իրականացնելու․ Հայկ Կոնջորյան

Նիկոլ Փաշինյանը երեկ հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ հռչակագիրը և Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագիծը։ Հայաստանը հույս ունի, որ լրամշակումից հետո դրանք կստորագրվեն։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ տեղի է ունեցել դրական քննարկում: Այս և այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ:

«Վարչապետը հայտարարեց, որ այն ակնկալիքները, որ մենք ունեինք փաստաթղթի հետ կապված, այս պահին բավարարված չեն, և դրա համար փաստաթղթերը ուղարկվել են լրամշակման, և հույս ունենք, որ կլրամշակվեն և կարտահայտեն այն մոտեցումները, որոնց ակնկալիքը մենք ունենք, իսկ դրանք, ըստ էության շատ պարզ են, և դրանց մասին բազմիցս հայտարարել ենք:

Նախևառաջ, գլխավորը, ՀԱՊԿ-ը պետք է, մեր համոզմամբ, հստակ և աներկբա քաղաքական գնահատական տա Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիվ գործողություններին և Հայաստանի տարածքների օկուպացիային:

ՀԱՊԿ-ը անվտանգային կառույց է, մենք այդ անվտանգային կառույցի անդամ ենք, մենք ունենք դաշնակցային պարտավորություններ, և հարցը դրվում է հետևյալ կերպ. արդյոք ՀԱՊԿ-ը կատարո՞ւմ է իր դաշնակցային պարտավորությունները, թե՞ չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները: Եվ, ըստ էության, սրանից ավելի հստակ դժվար է ձևակերպել:

Մենք գործ ունենք մեր պետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հետ և, գիտեք, սեթևեթանքների ժամանակները ավարտվել են, պիտի իրերը կոչենք իրենց անուններով, և հարցադրումները անենք հստակ. ՀԱՊԿ-ը կատարո՞ւմ է իր դաշնակցային պարտավորությունները, թե՞ չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները: Եվ եթե ՀԱՊԿ-ը չի կատարում այդ պարտավորությունները, և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հարցում ցուցաբերում է անգործություն, չի՞ նշանակում սա արդյոք՝ ՀԱՊԿ-ը կամա թե ակամա քարտ բլանշ է տալիս Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողություններ իրականացնելու».-ասաց Հայկ Կոնջորյանը:

  • Կիսվել: