երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՀԱՊԿ-ի զորավարժությունը թուրք-ադրբեջանական տանդեմի համար կարող է սպառնալիք ստեղծել. Փաշինյան

ՀԱՊԿ-ի զորավարժությունը թուրք-ադրբեջանական տանդեմի համար կարող է սպառնալիք ստեղծել. Փաշինյան

ՀԱՊԿ-ի զորավարժությունը թուրք-ադրբեջանական տանդեմի համար կարող է սպառնալիք ստեղծել։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը նպատակահարմար չի գտնում Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություն անցկացնելուն եւ դիտարկմանը՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունները վախվորած կամ խաղաղություն մուրալու քաղաքականություն են վարում։

«ՀԱՊԿ-ը եկավ, թուրք-ադրբեջանական տանդեմի համար սպառնալիքը ստեղծեց, հետո ասաց՝ ցտեսություն, դե մենք գնացինք։ Մենք ասում ենք՝ եկեք, հասկանանք՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ո՞րն է, որից հետո մեր հարաբերությունները ինստիտուցիոնալ եւ խորը կառուցենք, ՀԱՊԿ-ը չի արձանագրում, թե որտեղով է անցնում կարմիր գիծը»,- նշեց Փաշինյանը։

Փաշինյանը համաձայնեց, որ խաղաղություն մուրալով խաղաղություն ունենալ հնարավոր չէ. «Ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում՝ ես վախենում եմ ոչնչից չվախեցողներից։ Մենք պետք է մաքսիմալ պատասխանատու գործենք։ Ես համաձայն եմ, որ խաղաղություն մուրալով խաղաղություն ունենալ հնարավոր չի։ Խաղաղություն հնարավոր է ունենալ դա վաստակելով։ Խաղաղության կարելի է հասնել՝ ռակուրսները որոշակիորեն փոխելով, իրողությունները ճիշտ գնահատելով, մաքսիմալ հաշվարկված քայլեր անելով, Հայաստանի դերը եւ նշանակությունը միջազգային ասպարեզում մեծացնելով, Հայաստանի ինստիտուցիոնալ ավելի բարձր կայացվածության մակարդակով, տարածաշրջանում հարաբերությունները փոխելով եւ այդպես շարունակ»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը խաղաղություն կարող է ունենալ, եթե ի վիճակի լինի հանդուրժող հարաբերություններ հաստատել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ զարգացնել հարաբերությունները Իրանի եւ Վրաստանի հետ։

  • Կիսվել: