ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են համատեղ գործունեությունը՝ աֆղանական հարցի ուղղությամբ

ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են համատեղ գործունեությունը՝ աֆղանական հարցի ուղղությամբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունները մտահոգություն են հայտնում Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում, հատկապես՝ երկրի հյուսիսային նահանգներում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի պատճառով: Նրանք ընդգծում են ռազմական գործությունների ինտենսիվությունը և ողջ երկրում չդադարող ահաբեկչական հարձակումները: Այս մասին նշված է ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ հայտարարության մեջ:

Նշվում է, որ ՀԱՊԿ անդամ երկրները խորապես մտահոգված են Աֆղանստանում «Իսլամական պետություն» և մի շարք այլ ահաբեկչական խմբավորումների ներկայությամբ և անհրաժեշտ են համարում դրանք չեզոքացնելուն ուղղված ջանքերը:

Անդամ երկրները վստահություն են հայտնել, որ ահաբեկչական սպառնալիքի հետ անմիջական կապ ունի թմրանյութերի արտադրության և մաքսանենգության խնդիրը, և ուշադրություն են հրավիրում անօրինական թմրարտադրության և Աֆղանստանից թմրանյութերի անօրինական տեղափոխման դեմ պայքարի ուժեղացման անհրաժեշտության վրա:

ՀԱՊԿ անդամ երկրներն ընդգծում են Աֆղանստանում իրավիճակի քաղաքադիվանագիտական կարգավորմանն այլընտրանք չլինելու հանգամանքը և ողջունում են միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված երկրում խաղաղության հասնելուն: Երկրներն ընդգծում են ԱՄՆ-ի նախաձեռնած բանակցային գործընթացը «Թալիբան» շարժման հետ, ինչպես նաև ՄԱԿ-ի՝ Աֆղանստանին աջակցելու հարցերով առաքելության գործունեությունը:

ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են համատեղ գործունեությունն աֆղանական հարցի ուղղությամբ կազմակերպության ձևաչափով, այդ թվում և ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների խորհրդին կից Աֆղանստանի հարցով աշխատանքային խմբի շրջանակներում՝ նպատակ հետապնդելով դիմակայել տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող վտանգներին և մարտահրավերներին:

  • Կիսվել: