շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀԱՊՀ պրոֆեսոր, գիտությունների դոկտորի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը բարձրանում է 75.1%-ով. Ավինյան

ՀԱՊՀ պրոֆեսոր, գիտությունների դոկտորի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը բարձրանում է 75.1%-ով. Ավինյան

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատվել է պրոֆեսոր, գիտությունների դոկտորի և պրոֆեսոր, գիտությունների թեկնածուի տարակարգերի համար մեկ ակադեմիական ժամի աշխատավարձի բարձրացումը:

Որոշման համաձայն՝ պրոֆեսոր, գիտությունների դոկտորի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը բարձրանում է 75.1%-ով՝, իսկ պրոֆեսոր, գիտությունների թեկնածուի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը՝ 95.5%-ով։ Արդյունքում՝ երկու տարակարգերի համար էլ 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի 540.000 ՀՀ դրամ, իսկ 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 810.000 ՀՀ դրամ:

«Կարևոր եմ համարում նշել, որ օրերս ՀԱՊՀ գիտական խորհուրդը հաստատել է ՀԱՊՀ աշխատակիցներին գիտական հրապարակումների համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը, որի միջոցով ազդեցության գործակից ունեցող հանդեսներում հրատարակված մասնագիտական հոդվածների համար կտրամադրվի 150-350 հազար ՀՀ դրամ պարգևավճար:

Ինչպես նաև հաստատվել է ներբուհական գիտական դրամաշնորհների տրամադրման կարգը, որի ֆինանսական չափը, Հոգաբարձուների խորհրդի համապատասխան որոշմամբ, սահմանվել էր 50 մլն ՀՀ դրամ։ Այս ծրագիրը իրականացվելու է առաջին անգամ:

Փոխկապակցված որոշումների այս շղթան գիտության զարգացման, առաջմղման, միջազգայնացման և բուհի վարկանշավորման հայտնի համակարգերում հասանելիության և տեսանելիության բարձրացման հայեցակարգային ամբողջություն է»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը:

 

  • Կիսվել: