շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Հանուն Հանրապետության» կուսակցության պատվիրակությունը ԱՄՆ Պետքարտուղարությունում հանդիպել է Հայաստանի բաժնի պատասխանատու Ջեֆ Քրամբի հետ

«Հանուն Հանրապետության» կուսակցության պատվիրակությունը ԱՄՆ Պետքարտուղարությունում հանդիպել է Հայաստանի բաժնի պատասխանատու Ջեֆ Քրամբի հետ

Նախօրեին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում կարևոր հանդիպումից հետո, այսօր Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակությունը, կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի առաջնորդությամբ, ԱՄՆ Պետքարտուղարությունում հանդիպեց Հայաստանի բաժնի պատասխանատու Ջեֆ Քրամբի հետ։

 

Հանդիպման առանցքում Հայաստանի առջև կանգնած ներքին և արտաքին մարտահրավերները, սպառնալիքներն ու դրանք դիմագրավելու ուղիներն ու հնարավորություններն էին։ Զրույցը ընթացավ այն համոզմունքի շուրջ, որ Հայաստանը կարող է դիմագրավել և հաղթահարել Հայաստանի պետականությանը նետված մարտահրավերները, եթե զինված լինի պատշաճ քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, տեխնոլոգիական, ռազմական և անվտանգային կարողություններով։

Այս բոլորը պահանջում են կամք, խիզախություն, հմտություններ, գիտելիք, ռիսկերը կառավարելու կարողություններ և իհարկե Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից բխող որոշումներ կայացնելու անանց ցանկություն։

ԱՄՆ-ը և հավաքական Արևմուտքը պատրաստ են աջակցել Հայաստանին, մենք ունենք շահերի, նպատակների և արժեքների ընդհանրություն։ Բայց Հայաստանի կարիքների և համագործակցության շրջանակի, ձևի, բնույթի, խորության վերաբերյալ որոշումները պետք է կայացնենք մենք՝ ազգովի Հայաստանում՝ ելնելով բացառապես Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից և նպատակներից։

Ոչ ոք մեր ձեռքը չի բռնելու և մեր փոխարեն չի աշխատելու։

Հնարավորությունների բացված պատուհանը նշանակում է պատրաստվել անդուլ աշխատանքի, համառ, նվիրական և սրտացավ ջանքի գործադրման։

Հանուն Հանրապետության կուսակցության առաջնորդները Ջեֆ Քրամբի հետ պայմանավորվեցին շարունակել շփումները, տեղեկացնել Հայաստանում և Հայաստանի շուրջ ընթացող իրադարձությունների վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը, պատկերացումներն ու ընկալումները։

  • Կիսվել: