երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հանուն Հանրապետութան» կուսակցությունը դատապարտում է «Ազատության» լրագրողի և օպերատորի նկատմամբ գործադրված բռնությունը

«Հանուն Հանրապետութան» կուսակցությունը դատապարտում է «Ազատության» լրագրողի և օպերատորի նկատմամբ գործադրված բռնությունը

«Խստագույնս դատապարտում ենք «Հայրենիքի փրկության շարժման» այսօր երեկոյան Երևանի կենտրոնում հրավիրած երթի ընթացքում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և օպերատորի նկատմամբ բռնություն գործադրելու զազրելի փաստը։
 
Քաղաքական օրակարգի չգոյությունը, բովանդակալից և ռացիոնալ խոսքի պակասը, անպատասխանատու, հակապետական հայտարարությունները, ատելության քարոզը անխուսափելիորեն ծնում են բռնություն։
 
Աշխատանքային պարտականությունները կատարող լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հարձակումները մեզանում պետք է բացառվեն, նրանց անվտանգությունը պետք է երաշխավորված լինի, իսկ ոտնձգության դեպքում հեղինակները պիտի պատժվեն օրենքի ողջ խստությամբ՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից և պատկանելիությունից։
 
«Հանուն Հանրապետութան» կուսակցությունը խստորեն դատապարտում է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արտակ Խուլյանի և օպերատորի նկատմամբ գործադրված բռնության փաստը։ Կոչ ենք անում իրավապահ մարմիններին՝ տալ երևույթին իրավական գնահատական, ինչն անհրաժեշտ պայման է հետագայում նման երևույթների կրկնությունը բացառելու համար։ Մեր աջակցությունն ենք հայտնում նաև «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին և օպերատորին»,- ասված է «Հանուն Հանրապետութան» կուսակցության տարածած հայտարարության մեջ։

  • Կիսվել: