երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Հանրությանը պատկանած գույքերը պետք է վերադարձվեն հանրությանը կամ ծառայեն իրենց նպատակին․ Սիսակ Գաբրիելյան

Հանրությանը պատկանած գույքերը պետք է վերադարձվեն հանրությանը կամ ծառայեն իրենց նպատակին․ Սիսակ Գաբրիելյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ 

 

«Հանրությանը պատկանած գույքերը պետք է վերադարձվեն հանրությանը կամ ծառայեն իրենց նպատակին:

 

Անցած 30 տարիների ընթացքում պետության սեփականություն հանդիսացող ավելի քան 20 հազար անվանում գույք, այդ թվում՝ մարզադպրոցներ, մարզադաշտեր, մշակութային հաստատություններ, ԴՕՍԱՖ-ներ, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, արտադրական տարածքներ և այլն, մասնավորեցվել, նվիրաբերվել կամ առերևույթ կոռուպցիոն սխեմաներով փոխանցվել են տարբեր հասարակական կազմակերպություններին, որոշ դեպքերում՝ նրանց իրական շահառու հանդիսացող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքներին: Հանրության բարեկեցության համար կարևոր այս գույքերի մեծ մասն այսօր գոյություն չունի, եղածների մի մասն էլ, ցավոք, երբեմն մամուլից տեղեկանում ենք, որ գտնվում են իրացման փուլում կամ արդեն վաճառվել է :

 

Գլխավոր դատախազությունը, շուրջ երկու տասնյակ գույքերի մասով ուսումնասիրելով դիմումներս, արդեն իսկ հայցադիմումներ է ներկայացրել դատարան(ԴՕՍԱՖ, Սպարտակ և այլն)

 

Առկա գույքերի շուկայական արժեքն, ըստ նախնական հաշվարկների, մոտ 1,5 միլիարդ դոլար է:

 

Մինչ իրավապահ մարմինները կուսումնասիրեն պետությանը պատկանող գույքերը մասնավորին փոխանցելու գործընթացի օրինականությունը, ներկայացված օրենքի նախագծով առաջարկում ենք.

 

1. Ցուցակագրել այս գույքերը:

 

2. Դրանց օտարումը կամ գրավադրումը թույլատրել բացառապես.

 

ա) հանրային լսումներ կազմակերպելուց հետո,

 

բ) տվյալ կազմակերպության գործադիր մարմնի ընդհանուր անդամների 2/3 ստորագրության դեպքում:

Հ.Գ.

Նախագծի նպատակը որևէ անհատից կամ կազմակերպությունից գույքը «խլելը» չէ: Անկախ սեփականատիրոջից՝ այդ գույքերը ստեղծվել են բոլորիս ջանքերով և պետք է շարունակեն ծառայել բոլորիս:

 

Հ.Գ. շնորհակալություն Հետք լրատվականին թեմայի վերաբերյալ մի շարք հետաքննական հոդվածների համար»:

  • Կիսվել: