հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հանրային քննարկման է ներկայացրել դպրոցների ֆինանսավորման կարգի նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացրել դպրոցների ֆինանսավորման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 

Նախագծով առաջարկվում է անցում կատարել ըստ դասարանների թվի ֆինանսավորման։

 

Առաջարկվում է հաստատել hաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետևյալ գործակիցներն ու նորմատիվները ․
Ոսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափը` 108,8 հազ․ դրամ:

Դասղեկության համար նախատեսվող լրավճարը հավասար է․

մինչև 18 աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10 տոկոսին,
18 և ավելի աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 20 տոկոսին,
Մեթոդմիավորման ղեկավարին տրվող լրավճարը հավասար է ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10 տոկոսին:

Մեթոդմիավորման լրավճարը հաշվարկվում է ըստ դասարանենրի թվի․ մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի քան 4, 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի քան 6, 18-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի քան 8 մեթոդմիավորների հաշվարկով։

Նախագծով ամրագրվել է ներառական կրթության նպատակով ֆինանսավորման պահանջը բոլոր դպրոցներում՝ երեք բաղադրիչով. մասնագիտական ծառայությունների, ֆիզիկական միջավայրի հարմարեցում և յուրաքանչյուր երեխայի համար անհատական հարմարեցումների ֆոնդ։

 

Հաշվարկվել է նաև ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը:

Նորմատիվային ֆինանսավորում է նախատեսվում դպրոցի պահպանման ծախսերի համար։ Բոլոր դպրոցներում ամրագրվելու է հոգեբանների առկայության պահանջը։

Ամրագրվել են լաբորանտների հաստիքները և լաբորատորիաների պահպանման ծախսերը։

 

Դպրոցի տնօրենի, տնօրենի տեղակալի և վարչական այլ աշխատողների աշխատավարձի չափը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափի հետ, որի նկատմամբ, ըստ պաշտոնների, սահմանվել են համապատասխան գործակիցներ։ Ղեկավար անձնակազմի վարձատրության հաշվարկման ժամանակ հաշվի կառնվի նաև ուսումնական հաստատությունում գործող դասարանների թիվը։

Նախագծի կարևորագրույն կետերից մեկն այն է, որ բարձրլեռնային բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարը, սննդի գումարը, դասագրքերի ներդրումային գումարները բացառապես պետք է օգտագործվեն այդ նպատակներով։ Համադպրոցական ծախսերում ներառված լաբորատորիաների սարքերի և նյութերի, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումների համար նախատեսված ծախսերը ևս չեն կարող օգտագործվել այլ նպատակի համար։

Սահմանվել է, որ մասնաճյուղեր ունեցող հաստատությունների մասնաճյուղերի համար հաշվարկը կատարվում է որպես առանձին հաստատություն։ Այդ դեպքում հաստատության հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար հաստիքներ չեն նախատեսվում։

Ընդունվելու դեպքում՝ նոր կարգն ուժի մեջ կմտնի 2022 թվականի սեպտեմբերի 1-ից։

Դպրոցների ֆինանսավորման կարգի նոր նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև սույն թվականի հունիսի 28-ը: Քաղաքացիները և շահառու խմբերն այդ ընթացքում կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

  • Կիսվել: