հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել դա իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական իրավունքի փոփոխության մասին

Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել դա իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական իրավունքի փոփոխության մասին

Կան մի շարք նախագծեր, որոնք, ըստ ներկայացված տվյալների, շրջանառության են դրվել ընդամենը մի քանի օր առաջ: Կարգավորումների համաձայն՝ այս նախագծերը պետք է անցնեին հանրային քննարկման փուլ: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ դիմելով Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին:

Նա նշել է, որ խոսքը մասնավորապես Ընտրական օրենսգրքում և Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծի մասին է: 

«Սա նախագիծ է, որն ուղղակիորեն առնչվում է քաղաքացիների հիմնական քաղաքական իրավունքին և այն պահանջում է միջազգային լավագույն փորձի ներկայացում, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի տեսակետի ներկայացում կոնկրետ նախագծի վերաբերյալ»,- նշել է Մինասյանը և հարցրել՝ պահպանվա՞ծ են այդ  ընթացակարգերը և կարող է նախարարը ներկայացնել դրանք:

ՆԳ նախարարը պատասխանել է, ասելով՝ պետք է վստահություն հայտնեմ, որ առնվազն մեկ հանրային քննարկում տեղի է ունեցել՝ պատգամավորների ներգրավմամբ:

«Մենք հասցրել ենք նաև գլխադասային հանձնաժողովում ունենալ քննարկում, անդրադառնալ թե՛ միջազգային փորձին, թե՛ սահմանադրականությանը վերաբերող հարցերին և մնացյալ իրավիճակներին: Ես վստահ եմ, որ նախագծի օրակարգի շրջանակում, կոնկրետ հարցի քննարկման ժամանակ կանդրադառնանք բոլոր մանրամասներին և վստահ եմ, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն նախագծի հեղինակների կողմից, և, եթե կարիքը լինի, նաև ես՝ որպես Կառավարության ներկայացուցիչ, կարձագանքեմ»,-նշել է նա։ 

Արփինե Սարգսյանն ընգծել է, որ նախագիծը բավական երկար ժամանակ է, ինչ հանրային տիրույթում քննարկվում է։ 

«Վստահ եմ՝ բոլոր խմբակցությունները և առաջադրված ուժերը լսած կլինեն առնվազն մեկ քննարկում, որի շրջանակում հանրային պահանջ կար այս հարցին անդրադառնալու և լուծման բերելու այս խնդիրը։ Քարոզարշավի ավարտից հետո, երբ ընտրությունները ևս կայացել են, պատգամավորները հանձնառու են եղել հանրային պահանջը իրացնելու, որը վստահորեն գեներացված է եղել և ըստ այդմ ձևակերպել են համապատասխան նախագիծ, որը դրված է քննարկման:

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողով առանձին ուղարկել-չուղարկելուն, վստահ եմ, որ գործընկերները դիտարկել են նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը նմանատիպ իրավիճակների մասով, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը և սահմանադրական իրավունքի տեսանկյունից առկա մոտեցումները»,-հավելել է ՆԳ նախարարը։

  • Կիսվել: