երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հանրային ձայնն» է մեզ «վերբովկա» արել այս հարցում. Ավինյանը՝ ավագանու անդամներին մանդատից զրկելու մասին

«Հանրային ձայնն» է մեզ «վերբովկա» արել այս հարցում. Ավինյանը՝ ավագանու անդամներին մանդատից զրկելու մասին

Այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ նրան, որ այսօր ավագանու արտահերթ նիստում «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամները միացան ավագանու ընդդիմադիր երեք անդամների մանդատներից զրկելու նախաձեռնությանը:

Նա նշեց, որ «Հանրային ձայն» խմբակցության անդամները նախկինում էլ այս հարցի վերաբերյալ բարձրաձայնել են:

Դիտարկմանը՝ այդ ինչպե՞ս նրանց դիրքորոշումը համընկավ ՔՊ-ի դիրքորոշման հետ, Ավինյանն ասաց. «Պատահական չէր բացարձակապես, որովհետեւ նախկինում էլ որոշակի քննարկումներ այս թեմայի շուրջ եղել են: Անձամբ ես չէ, բայց մեր խմբակցության որոշ անդամների հետ այդ քննարկումները եղել են եւ դա բերել է այսօրվա որոշումներին»:

Դիտարկմանը, թե՝ այսինքն «վերբովկա՞» եք արել նրանց, արձագանքեց. «Ոչ, իրենք են մեզ «վերբովկա» արել այս հարցում: Մենք բոլոր խմբակցությունների հետ էլ տարբեր հարցերի վերաբերյալ աշխատել ենք»:

Նշենք, որ այսօր ավագանու որոշմամբ մանդատից զրկվեցին ավագանու անդամներ Նարինե Հայրապետյանը, Սոնա Աղեկյանը եւ Հայկ Մարությանը: Եվս երկու անդամի (Զարուհի Փոստանջյան եւ Գեւորգ Ստեփանյան) վերաբերյալ բավարար ձայներ չապահովվեց, եւ նրանք պահպանեցին մանդատները:

 

  • Կիսվել: