Հանրաքվեն չի կայանա միայն այն դեպքում, եթե երկրում ռազմական կամ արտակարգ դրություն լինի. Իմքայլականներ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը վստահեցնում է, որ վարչապետը հստակ տարանջատում է, թե երբ է ի պաշտոնե որևէ գործողություն անում և երբ՝ որպես սովորական անհատ՝ քարոզչություն:
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցներ ժամանակ Սուրեն Գրիգորյանն անդրադառնալով «Ոչ» քարոզչական կողմից հնչող այն քննադատությանը, թե վարչապետը Լոռու մարզ այցի ընթացքում, երբ ծանոթացել է ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, հետո քարոզչություն արել, խախտել է օրենքը, նշեց.
«Վարչապետը մեկնել է Լոռու մարզ, մասնակցել է ճանապարհի հիմնանորոգման աշխատանքի ստուգմանը: Եվ շատ հստակ տարանջատված է եղել, թե երբ է ինքը որպես պաշտոնյա ի պաշտոնե իրականացրել իր գործառույթները, և երբ՝ որպես մասնավոր անձ, իրականացրել քարոզչություն: Այն, որ մենք գիտենք, որ այդ մարդը վարչապետ է, չի նշանակում, որ ինքը բոլոր դեպքերում որևէ գործողություն կատարելիս գործում է ի պաշտոնե: «Հանրաքվեի մասին» օրենքը նշում է, որ ի պաշտոնե գործելիս քարոզչություն չի կարելի իրականացնել: Շատ հստակ տարանջատված էր, թե որն է ի պաշտոնե արված գործողությունը, որի ընթացքում գեթ մեկ արտահայտություն, որը կարող էր դիտարկվել որպես քարոզչություն, չի արվել: Եվ հստակ էր, թե երբ է քարոզչություն իրականացրել, և նա որևէ պաշտոնական գործառույթ այդ պահին չէր իրականացնում։ Արհեստածին եմ համարում բարձրացված հարերը»։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե հանրությունը տեղյակ չէ հանրաքվեին՝ Սուրեն Գրիգորյանը նկատեց, որ իր գործընկերների հետ Երևանում քարոզարշավ է իրականացրել և չի նկատել իրավիճակ, թե մարդիկ համատարած անտեղյակ են: Ըստ նրա՝ մեկ-երկու հոգի եղել են անտեղյակ, իրենք պարզաբանել են, հասկացել են:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ ասաց, որ թեև դեռ չի հասցրել մարզերում քարոզչություն իրականացնել, սակայն երեկ եղել է 4-րդ գյուղում, Նոր Նորքում և տպավորություն է ստացել՝ գրեթե բոլորը տեղյակ են, որ տեղի է ունենալու հանրաքվե: «Իրազեկվածություն կար: Շատ դեպքերում, երբ թռուցիկները տալիս էինք, ասում էին՝ տեղյակ ենք։ Մեզ հանդիպածներից 100 մարդուց 98-ը «Այո»-ի կողմնակիցներ էին»,- նշեց պատգամավորը։
Նա ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տվեց դուրս գալ «Ֆեյսբուք« սոցիալական ցանցից և տեսնել, որ այս երկրում ոչ միայն ֆեյքերն են իրենց հայհոյում կամ չեն սիրում, այլ նաև իրական քաղաքացիները։
«Ես այս պահին ունեմ այդ վստահությունը, որ «Այո՛»-ն ստանալու է անհրաժեշտ ձայներ»,-ասաց պատգամավորը:
Հարցին՝ չկա՞ մտավախություն, որ հանրաքվեն կարող է հետաձգվել կորոնավիրուսի պատճառով, Սուրեն Գրիգորյանն ասաց, որ այս պահին նման նախադրյալներ չեն տեսնում։
Նրա խոսքով՝ բոլորը տեսնում են, որ կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում դրական սցենար է ընթանում։
Սիսակ Գաբրիելյանն էլ նկատեց, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կայանա միայն այն դեպքում, եթե երկրում ռազմական կամ արտակարգ դրություն լինի։


