չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նախագահն անթույլատրելի է համարում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպերը

Նախագահն անթույլատրելի է համարում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպերը

Հանրապետության նախագահը մշտապես հետևում է երկրում տեղի ունեցող իրադարձություններին, այդ թվում նաև՝ Ազգային ժողովի գործունեությանը: Հանրապետության նախագահն անթույլատրելի է համարում մասնավորապես վերջին օրերին՝ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպերը:

Քաղաքական տարաձայնությունները բնական երևույթ են, քաղաքական անհամաձայնությունները և տեսակետների բախումը բնորոշ են աշխարհի օրենսդիր մարմիններին, սակայն Հայաստանի Ազգային ժողովում խորհրդարանական բազմակարծությունը երբեմն հատում էր բարեկրթության սահմանները, տեղի ունեցան ընդհարումներ, որոնք ոչ միայն լրջորեն խաթարում են օրենսդիր մարմնի բնականոն գործունեությունը, այլև վտանգում են քաղաքացիական համերաշխությունը, անհարիր են քաղաքական մշակույթին, առավել ևս այսօր, երբ մեր երկիրը գտնվում է անվտանգային և տնտեսական լուրջ մարտահրավերների առջև:

Նման միջադեպերը նաև հարվածում են երկրի միջազգային վարկանիշին:

Հանրապետության նախագահը բազմիցս, այդ թվում նաև Ազգային ժողովում, ասել է, որ պետք է թիրախավորել խնդիրները, ոչ թե անձանց: Հանրապետության նախագահը համոզված է, որ տարաձայնությունները պետք է հարթել բացառապես քաղաքակիրթ երկխոսության միջոցով, հարգալից և հանդուրժող լինել միմյանց հանդեպ, կարողանալ լսել միմյանց, դրանով իսկ հարգանք դրսևորելով նաև ընտրողների հանդեպ: Երկրում, մեր սահմաններին առկա իրավիճակն ու խնդիրները պարտադրում են այլ՝ կառուցողական գործողություններ, որոնք հնարավորություն կտան ելքեր գտնել բազմաշերտ ճգնաժամից: Նախագահը մշտապես նշել է, որ Նախագահի ինստիտուտը պատրաստ է դառնալ երկխոսության հարթակ:

Այս համատեքստում հանրապետության նախագահը մշտապես հանդիպել է և շարունակելու է հանդիպել ու երկրում առկա խնդիրները քննարկել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների հասարակայնության ներկայացուցիչների հետ»:

Այս մասին armdaily.am-ին հայտնեցին նախագահի աշխատակազմից:

  • Կիսվել: