ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հանձնաժողովի անդամը մարդ է բերում ընտրատեղամաս. ինչ հաղորդումներ է ստացել ոստիկանությունը

Հանձնաժողովի անդամը մարդ է բերում ընտրատեղամաս. ինչ հաղորդումներ է ստացել ոստիկանությունը

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ժամը 08։00–ից ստացել է երեք հաղորդում։ Տեղեկությունը հայտնեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը` ներկայացնելով Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ստացված հաղորդումները։

«Ստացվել և քննարկվել է ստուգման ենթակա 2 տեղեկություն, որոնցից մեկը` երկու մեքենաներով ճանապարհը փակելու, մյուսը` մտավոր խնդիրներ ունեցող որդու տվյալները ընտրացուցակում հայտնվելու մասին։ Իսկ երրորդը անհայտ քաղաքացուց է այն մասին, որ հանձնաժողովի անդամը մարդ է բերում ընտրատեղամաս»,–ասաց շտաբի պետը։
Մկրտչյանը հավելեց, որ նշված բոլոր ահազանգերով կատարվում են ստուգողական աշխատանքներ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության շտաբի պետը ներկայացրեց նաև նախընտրական ժամանակաշրջանում, քարոզարշավի ընթացքում (օգոստոսի 23-ից սեպտեմբերի 16–ը) ոստիկանություն ստացված հաղորդումները։ Նշված ժամանակահատվածում ՆԳՆ ոստիկանությունը ստացել է 26 հաղորդում, որոնցից 8–ը` առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 18–ը` ստուգման ենթակա այլ տեղեկություններ։
 
«Հանցագործության մասին ստացված բոլոր 8 հաղորդումները ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որոնցից 7–ով նախաձեռնվել են քրեական վարույթներ»,– նշեց նա։
Հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումներից 4–ը վերաբերել են քարոզչությունը խոչընդոտելու դեպքերին, 2–ը` գույքը ոչնչացնելուն կամ վնասելուն, 1–ը` հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելուն կամ հարկադրելուն, և 1–ը` ընտրական իրավունքի խոչընդոտման դեպք է։

  • Կիսվել: