«Համոզված եմ՝ խաղաղության պատմական հնարավորությունը բաց չի թողնվի». Նիկոլ Փաշինյան
Մեր ռազմավարական որոշումն է՝ մնալ հավատարիմ խաղաղության օրակարգին: Ես հույս ունեմ, որ այսօրվա զեկույցի ընթացքում կարողացա մեր միջազգային գործընկերներին ներկայացնել և ավելի տեսանելի դարձնել, թե ինչքան մոտ է խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իհարկե, մենք լիարժեք և ամբողջական այդ մասով մեր պատասխանատվությունը կիրացնենք: Այդ մասին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով խաղաղության օրակարգի վերաբերյալ հայկական կողմի պատկերացումները:
«Ուրախ եմ արձանագրել, որ մենք նաև մեր խորհրդակցություններն ենք շարունակում Ադրբեջանի հետ, որպեսզի այս պատմական հնարավորությունները բաց չթողնվեն, և թույլ տվեք արտահայտել իմ համոզմունքը, որ բաց չի թողնվի, որովհետև, իհարկե, ոչ առանց դժվարությունների, բայց մենք շարժվում ենք առաջ, և այն փաստը, որ մենք այս միջավայրում՝ միջազգային և տարածաշրջանային ոչ պարզ պայմաններում, կարողացանք ավարտին հասցնել, փակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, հաջողությամբ փակել, այսինքն՝ ունենալ համաձայնեցված տեքստ, որը պատրաստ է ստորագրման, դա, իհարկե, շատ կարևոր և մեծ ձեռքբերում է, բայց քայլ է, որը պետք է ունենա շարունակություն»,- ասաց նա:
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Սլովակիան առաջին երկրներից էր, որ ողջունեց խաղաղության շուրջ բանակցությունների ավարտը, և այն երկրներից է, որ սպասում է համաձայնագրի ստորագրմանը, ուստի այս համատեքստում շնորհակալություն հայտնեց Ֆիցոյին: