երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
«Համերաշխություն» կուսակցությունն անցկացրեց իր 5-րդ հերթական համագումարը

«Համերաշխություն» կուսակցությունն անցկացրեց իր 5-րդ հերթական համագումարը

Ապրիլի 27-ին «Համերաշխություն» կուսակցությունն անցկացրեց իր 5-րդ հերթական համագումարը։ Համագումարի ընթացքում ներկուսակցական հարցերի քննարկումից, որոշումների ընդունումից, վարչության նոր կազմ ընտրելուց զատ հայտարարվեց ԼԱՌՄԱՍ գաղափարական ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է լայն կոնսոլիդացիան հանուն ազգային գաղափարի և ազգային շահի։ Իր խոսքում կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը նշեց, որ երկիրը ծանր վիճակում է, անհրաժեշտ են գործուն քայլեր դիմակայելու համար, բայց ունենք ատելության մթնոլորտ։

Նա առաջարկեց, բոլոր քաղաքական ուժերին հանուն հայրենիքի վեր կանգնել անձնական ամբիցիաներից, մեկտեղել ուժերը և ստեղծել մեկ միասնական մարմին՝ համոզմունք հայտնելով, որ բոլորի համար աշխատանք կա և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում։ Սարգիս Ավետիսյանը նշեց, որ ԼԱՌՄԱՍ գաղափարը, որի հեղինակը Գերման Գրիգորիի Լալայանն է, վերկուսակցական է, ազգային և բոլոր կուսակցությունները կարող են մտնել այդ գաղափարի տակ և աշխատել իրենց ծրագրերը բերելով։ Իր ուղերձում Գերման Լալայանը նշել էր.

«Մենք կառուցում ենք մեր բևեռը։ Կառուցում ենք նոր ֆորմատի երկիր, որտեղ մարդը կգնահատվի ոչ թե իր անձնական հարստության, այլ աշխատանքի, բարձր բարոյականության, խելքի ու տաղանդի համար։ Երկիր, որտեղ երեխաների ճիշտ դաստիարակությունն ու կրթությունը, ճիշտ կազմակերպված տնտեսությունը և պետական իշխանության ճիշտ կառուցվածքը ճանապարհ կբացեն դեպի անսահման առաջընթաց, տեխնոլոգիական աշխարհ, որտեղ ճիշտ է կազմակերպված առողջապահությունը և բարձր հարթակում է դրված ազգի միասնության գաղափարը։

Գիտելիքը, աշխատանքը և հոգևորը (ԳԱՀ) մեր ապագա երկրի հիմնաքարերն են։ Մեր նպատակը ԼԱՌՄԱՍՆ է»։ Նա կոչ էր անում բոլոր քաղաքական կուսակցություններին, հասարակական շարժումներին ու կազմակերպություններին միանալ՝ նշելով, որ ԼԱՌՄԱՍ-ի դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են համախմբվել հանուն հայրենիքի, իսկ Սարգիս Ավետիսյանը նշեց, որ առաջիկայում «Համերաշխություն» կուսակցությունը կձևավորի մի խումբ, որով այցելելու են բոլոր կուսակցությունների գրասենյակներ և մանրամասն ներկայացնելու են ծրագիրը։

  • Կիսվել: