ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Համազգային համախմբումը կարող է դուրս բերել մեզ ներկա ճգնաժամային իրավիճակից. Վանեցյան

Համազգային համախմբումը կարող է դուրս բերել մեզ ներկա ճգնաժամային իրավիճակից. Վանեցյան

Աղետաբեր պատերազմից և մեծաթիվ կորուստներից հետո մեր երկու պետականությունների առջև ծառացած բազում մարտահրավերների առկայության պայմաններում այս օրը հատուկ խորհուրդ ունի, դա միասնությունն է: Արցախի անկախության օրվա առթիվ Արցախի խորհրդարանում հրավիրված հատուկ նիստում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Այո՛, մեզ անհրաժեշտ է լինելու հայկական աշխարհի միասնականությունը, քանի որ Արցախն է այն հիմնական առանցքներից մեկը, եթե կուզեք՝ այն ամուր շաղախը, որն անքակտելիորեն ամրացնում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, և հենց Արցախում է, որ վճռվել, վճռվում և վճռվելու է մեր ժողովրդի՝ որպես պետականության կրող արժանապատիվ ազգի ապագան», - նշել է Վանեցյանը։

Նա ասել է, թե որևէ ջանք ու եռանդ չեն խնայելու ներհայկական և միջազգային անխտիր բոլոր հարթակներում առաջ մղելու Արցախի անվտանգային խնդիրների լուծման հարցերը.

«Կրկին պետք է անդրադառնամ միասնությանը, Արցախի հետ լինելուն, որովհետև ազգի պառակտմամբ, պետականության հանդեպ անփույթ վերաբերմունքով, Արցախի խնդիրները միտումնավոր, թե ապաշնորհությամբ լուսանցք մղելով, ի վերջո, կարող է հանգրվանն աղետալի լինել, երբ վտանգված կլինի ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության գոյության փաստն ինքնին։ Հենց համազգային միասնությունը և համախմբումն է, որ կարող է դուրս բերել մեզ ներկա ճգնաժամային իրավիճակից և, ի վերջո, դուռ բացել դեպի ինչ-որ մշուշոտ, այլ՝ մեր ժողովրդի հազարմյա ազգային իղձերի և երազանքների իրականացումն ապահովող անվտանգ ապագա»։

Վանեցյանը վստահեցրել է, որ մշտապես կանգնած են լինելու արցախցիների թիկունքին՝ ամեն ինչով աջակցելու և օժանդակելու են առկա հարցերի լուծմանը։

«Ամեն կերպ սատարելու ենք Արցախի հարցի լուծմանը, Արցախի ինքնորոշման և անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը։ Դրան այլընտրանք չի կարող լինել», - ասել է Արթուր Վանեցյանը։

  • Կիսվել: