երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համայն հայության միասնականությամբ միայն կարող ենք կանխել նոր ցեղասպանությունն Արցախում. Արթուր Թովմասյան

Համայն հայության միասնականությամբ միայն կարող ենք կանխել նոր ցեղասպանությունն Արցախում. Արթուր Թովմասյան

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ․

«Սիրելի´ հայրենակիցներ

Այսօր ողջ առաջադեմ մարդկությունը, աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում և խնկարկում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ը խորհրդանշում է ոչ միայն մեր ժողովրդին բաժին հասած դաժան ճակատագիրը, այլև վերընձյուղվելու, հարատևելու ու զարգանալու միայն իրեն հատուկ աստվածային շնորհը:

Ցեղասպանությունից հետո մեր ժողովուրդն իր մեջ ուժ է գտել կերտելու իր նվիրյալ որդիների երազած պետականությունը։ Ու չնայած բազմաթիվ ու բազմաբնույթ մարտահրավերներին ու դժվարություններին՝  այսօր նրա դրոշը փողփողում է բազմաթիվ երկրներում գործող դեսպանատների վրա:

Հայության վերածնունդն ու հաղթարշավը 20-րդ դարավերջին երկնել է Արցախի Հանրապետությունը: Արդեն ավելի քան երեք տասնամյակ է, ինչ մեր հերոսական ժողովուրդն իր պետականությունն է կերտում։

Պաշտոնական Թուրքիայի ժխտողական կեցվածքը և թշնամական վերաբերմունքի շարունակությունն  էին  թերևս Ադրբեջանի սանձազերծած  արցախյան 3 պատերազմները։

Խոնարհվում ենք  հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիների անմահ հիշատակի առջև։

Այսօր ժամանակը նոր մարտահրավեր է առաջ քաշել, և մենք այլ ելք չունենք, եթե ոչ՝ լինել առավելագույնս միասնական, կենսունակ ու հայրենապաշտ, քան երբևէ:

Մենք շատ դժվարություններ ենք տեսել ու  հաղթահարել պատվով։ Համոզված եմ, որ  կհաղթահարենք նաև այս մեկը: Եվ օրվա խորհուրդը մեզ մի բան կարող է հուշել՝ համայն հայության միասնականությամբ միայն կարող ենք կանխել նոր ցեղասպանությունն Արցախում:

Հայոց Մեծ եղեռնի 107-րդ տարելիցին նվիրված երթը պետք է ընկալվի որպես երթ վերածնված ժողովրդի, որ չի մոռացել, թե ինչ է թողել ետևում, բայց վստահությամբ նայում է առաջ:

Աստված մեզ պահապան»,- ասված է ուղերձում։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: