երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համանախագահները 5 անգամ հայտարարել էին բանակցային ձևաչափի ու այն սկզբունքերի մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ խնդիրը. Սարգսյան

Համանախագահները 5 անգամ հայտարարել էին բանակցային ձևաչափի ու այն սկզբունքերի մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ խնդիրը. Սարգսյան

Երբ 2017 թվականին մեզ առաջարկեցին Մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթուղթը, դրա համար գրեթե մեկ տարի պահանջվեց, որ Ադրբեջանը նախնական համաձայնություն տա բանակցություններ վարելու համար: Այս մասին Արմնյուզին տված հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա նշեց. ՛՛Ադրբեջանի համար դա շատ մեծ կորուստ կլիներ: Մենք այդ մասին բազմաթիվ անգամ խոսել ենք Ալիևի հետ: Նա էլ գիտակցում էր, որ միջադեպերի հետաքննության այդ մեխանիզմով մենք միջազգայնացնում էինք շփման գիծը: Ով շատ թե քիչ տեղյակ է բանակցային գործընթացին, պետք է դա հասկանա:

Ադրբեջանը լավ հասկանում էր, որ դրանից հետո ուժի գործադրումը ծանր հետևանք է ունենալու իր համար, դրա համար խուսափում էր: Իսկ ո՞վ է ասել, որ այդ աշխատանքից պետք է հոգնել, դա հաղթաթուղթ էր մեր ձեռքին, պետք էր շարունակել՛՛:

ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ երբ այս իշխանությունները հրաժարվեցին իրենց ձեռքբերումներից, սկսեցին Ալիևից տեղեկանալ բանակցությունների պատմության մասին, այդ ժամանակ իր համար հասկանալի էր, որ գնում ենք դեպի պարտություն, դեպի պատերազմ:

՛՛Ես ըմբռնումով էի մոտենում սրանց ցանկությանը, որ ուզում էին ժամանակ շահել, այդ ընթացքում հանգամանորեն ծանոթանալ, թե ինչի մասին էինք բանակցում, ուր ենք հասել:

Բայց այդ ժամանակը պետք էր շահել շատ պարզ պատճառաբանությամբ, համանախագահներին ասել, որ նախկինները գողեր են և այլն, բայց տեղի է ունեցել պատերազմ 2016 թվականին, ինչի արդյունքոմ դուք ինքներդ այդպիսի հայտարարություն եք ընդունել։ Խնդրում ենք, եկեք դրանք իրականացնենք, հետո անցնենք առարկայական բանակցություններին: Փոխանակ պայման դրեցին, որ Արցախը պետք է մասնակցի բանակցային պրոցեսին:

Կարծում եմ, որ իրենք մտածել են, թե դրանով կարող են ժամանակ շահել, քանի որ դա անհնար բան է, և երկրորդը, որ պայմանը դնում են Ադրբեջանի առջև՛՛,-հավելեց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ դա պայման է եղել, իսկ իրենք միշտ ցանկություն են հայտնել այդ մասով՝ առանց պայման դնելու. ՛՛Իսկ սրանք ասում էին, որ առանց դրա բանակցություններ չեն լինելու, պայման են դրել: Դա նշանակում էր ոչ միայն տապալում, այլ նաև անհարգալից վերաբերմունք ՄԽ երկրների նկատմամբ, որոնք մեծ ջանքեր էին գործադրում խնդիրը լուծելու համար:

Համանախագահ երկրների նախագահները 5 անգամ հայտարարել էին բանակցային ձևաչափի ու այն սկզբունքերի մասին, որոնց հիման վրա պետք է խնդիրը լուծվեր: Սակայն ի հայտ է գալիս մեկը, ով այդ ամենն արհամարհում է ու ասում է, որ պետք է սկսել իր կետից՛՛:

  • Կիսվել: