չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Հակապետական է, երբ մեր ընդդիմադիր գործընկերները ռուսական եթերից լուտանքներ են թափում Հայաստանի ու Հայաստանի պետականության նկատմամբ․ Բաբաջանյան

Հակապետական է, երբ մեր ընդդիմադիր գործընկերները ռուսական եթերից լուտանքներ են թափում Հայաստանի ու Հայաստանի պետականության նկատմամբ․ Բաբաջանյան

Վերջին օրերին Հայաստանում կատարվող գործընթացները բացահայտում են ցավալի մի իրողություն՝ հանուն նպատակների միջոցների մեջ խտրություն չդնելու ցավագին իրողություն, այսօր Ազգային ժողովում ամբիոնից հայտարարեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Եվ որպես դրա վկայություն, պատգամավորը վկայակոչեց մասնավորապես ռուսական եթերում ընդդիմադիր պատգամավորների ակտիվությունը։

«Մեր ընդդիմադիր գործընկերները ռուսական եթերից ուղղակի լուտանքներ են թափում Հայաստանի ու Հայաստանի պետականության նկատմամբ։ Այս ամենը տեղավորվում է պարզագույն դրսից տղա բերելու էժանագին ու հակապետական տրամաբանության մեջ։ Այս սխեման շատ պարզ է՝ սկզբում նրանք վազում են իրենց հովանավորյալ երկրի դեսպանատուն, Հայաստանի վերաբերյալ բողոքի չափաբաժինը ներկայացնում դեսպանին, ապա հայտնվում են ռուսական եթերում, որը լցնում են ոչ միայն սեփական երկրի դեմ ուղղված իրենց կեղտոտ հայտարարություններով, այլ ռուս հաղորդավարի ցնդաբանություններով։ Սա դատապարտելի գործելաոճ է», -հայտարարեց Արման Բաբաջանյանը։

Ըստ պատգամավորի, բոլոր այդ սուբյեկտները չունեն հայրենիքում տեր զգալու և հայրենիքի զգացողություն։

«Պարոնայք, այս իրադարձություններն անցնելու են, սակայն այն հետքը, որ դուք թողնում եք այս օրերին ձեր հակապետական գործունեությամբ, մնալու է, չի ջնջվելու հասարակության և մեր բոլորի հիշողությունից», ընդգծեց Բաբաջանյանը։

  • Կիսվել: